Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խոզի գրիպի մուտքն արգելափակվա՞ծ է

Հասարակություն

Գրիպի` H1 N1 վիրուսով Հայաստանում վարակվածներ չկան: Միայն արձանագրվել է ջերմելու 8 դեպք, հիվանդների լաբորատոր հետազոտումը, սակայն, վիրուսը չի հայտնաբերել:

Ըստ Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և համաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանի` H1 N 1 վիրուսային վարակի մուտքը հանրապետություն բացառված է:

Մեր երկրում գործում է մասնագետներից կազմված օպերատիվ շտաբ,թեժ գիծ,լայնածավալ միջոցառումներ են իրականացվում հոսպիտալների ապահովվածության, բնակչության ու բուժանձնակազմի իրազեկվածության բարձրացման ուղղությամբ: Նրա խոսքով, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում առանձնացվել է մասնաշենք, որտեղ անհրաժեշտության դեպքում կցուցաբերվի համապատասխան բուժօգնություն:

Լիանա Թորոսյանի տեղեկացմամբ, ապրիլից հսկողությունը խստացված է սահմանային բոլոր անցումային կետերում: Ուշադրության կենտրոնում են այսպես կոչված «անապահով երկրներից»` ԱՄՆ-ից , Մեքսիկայից, Իսպանիայից, Արգենտինայից ժամանածները:

«H1 N 1 վիրուսը նման է սովորական գրիպին, նույնիսկ ավելի թույլ ձևով է ընթանում, հեշտությամբ էլ բուժվում է: Բարդություններ և մահացու ելքեր հանդիպում են միայն շնչառական համակարգի խրոնիկական հիվանդություններով տառապող մարդկանց մոտ: Կարող եմ ասել, որ սեզոնային գրիպից ավելի շատ բարդություններ են լինում, քան H1 N1-ից» ,-ասաց Լիանա Թորոսյանը: Միաժամանակ տեղեկացրեց, որ վիրուսի հայտնաբերման ուղղությամբ ձեռնարկվում են միջոցներ:

Այսպես. սահմանային կետում նախ տեղեկանում են մարդկանց առողջական վիճակի մասին/ անհանգստացնող ախտանշանների դեպքում իրականացվում է հսկողություն/, հետո խնդրում լրացնել հատուկ հարցաթերթիկ, որում պարտադիր նշվում է ժամանողի բնակության վայրը: Տվյալներն ուղարկվում են տարածքային պոլիկլինիկաներ, սահմանվում 7 օրյա հսկողություն:

Միջազգային «Զվարթնոց» օդակայանում էլ գործում է սանիտարա-կարանտինային կետ, հատուկ ջերմացույցների միջոցով հեռավորության վրա որոշվում ժամանողների ջերմությունը:
Հատուկ թրեյնինգներ են կազմակերպվել նաև տուրիստական գործակալությունների աշխատակիցների հետ, իսկ ԱԳՆ-ից ստացվող տեղեկությունների հիման վրա էլ` պարբերաբար թարմացվում վիրուսի տարածման վիճակագրական տվյալները: Հիգիենիկ և համաճարակային տեսչության գլխավոր մասնագետը «խոզի գրիպ»-ով չվարակվելու համար մեր բնակչությանը խորհուրդ տվեց պահպանել հիգիենայի կանոնները, իսկ գրիպի ախտանշանների հայտնաբերման դեպքում` խուճապի չմատնվել:

Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության տվյալներով մինչ օրս աշխարհում արձանագրվել է H1 N 1 վարակի 134 հազար 503 դեպք, որոնցից 800-ը` մահացու ելքով: Եվրոպական տարածաշրջանի երկրնեում հայտնաբերվել է 16 հազար 556 դեպք` 34 մահվան ելքով: