Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միավորները ցածր են

Հասարակություն

     Այսօր Հայաստանի Ճարտարագիտական պետական համալսարանի շենքում «Հայոց լեզու եւ գրականություն» բանավոր քննություն հանձնողների ծնողները զուր փորձում էին լսել' ինչպես են պատասխանում  հարցատոմսերին  իրենց երեխաները: Նրանք նույնիսկ ականջներն էին մոտեցնում մոնիտորին, որ գոնե գուշակեն երեխաների պատասխանները:

   Իսկ երբ փորձում էին բարձրացնել մոնիտորի ձայնը, միջանցքում ահավոր աղմուկ էր լսվում, քանի որ 4 մոնիտոր էր միացված: «Ավելի լավ էր չլիներ, լրացուցիչ չնյարդայնանայինք, քան հիմա, որ հուզմունքը եւ այս խառնաշփոթը խառնվել են իրար»,- ասաց ծնողներից մեկը: Նրանց խոսքերով' հանձնաժողովի մի անդամ կա, ով անընդհատ դիմորդներին փորձում է շեղել, տալիս է հարցաշարից դուրս հարցեր եւ բարձր ձայնով էր խոսում, ու թեեւ նա գրականության մասնագետն է, սակայն տալիս է հայոց լեզվի  հարցեր:

   Իսկ դիմորդներից շատերն էլ քննասենյակից դուրս գալուց հետո լաց էին լինում' համարելով, որ նշանակված միավորը ցածր է եւ իրենք ավելի բարձր միավորի էին արժանի' ըստ իրենց պատասխանի:

   «Երբ տեսա, թե ոնց էր դողում երեխայիս մատները, մտածում էի, թե երբ է դուրս գալու, թեկուզ անբավարար ստացած»,- ասաց մի դիմորդի ծնող:

   Այս քննությունից դեռ անբավարար միավոր ստացած չկար, իսկ դիմորդների գերակշիռ մասը 8 կամ 9 միավոր էր ստացել: Միայն մեկ դիմորդ էր 19 միավոր ստացել:

   Ի դեպ, դիմորդները հույս ունեն, որ ցածր միավորներով կընդունվեն, քանի որ մրցութային շեմը ցածր է: