Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եկել է իշխանությունների քյանդրբազության վերջը»

Հարցազրույց

«Այն, որ ՀՀ-ն չի մասնակցում «Նաբուկո» ծրագրին` ՀՀ իշխանությունների անհեռանկար քաղաքականության արդյունքն է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

Երեկ Անկարայում ստորագրվել է միջկառավարական համաձայնագիր «Նաբուկո» -ի գազամուղի շինարարության համար: Փաստաթղթի ստորագրմանը մասնակցել է Թուրքան, Բուլղարիան, Ռումինիան, Հունգարիան եւ Ավստրիան: «Նաբուկո»-ի կառուցման դեպքում, կասպյան գազը շրջանցելով ՌԴ-ն, կհասնի Կենտրոնական Եվրոպա` Թուրքիայով եւ Բալկաններով:

ՀՀ-ն կարո՞ղ էր լինել «Նաբուկո» ծրագրի մասնակից, ի՞նչ տնտեսական զարգացումներ են սպասվում ՀՀ-ում եւ մի շարք այլ հարցերի պարոն Խաչատրյանը անդրադարձավ մեզ հետ զրույցում:

- ՀՀ կարող էր օգտագործել իր աշխարհագրական դիրքը եւ դառնալ տարանցիկ տրանսպորտային խաչմերուկ, սակայն կորցրեց նաեւ այդ հնարավորությունը: 1998թ, երբ հայտարարվեց Բաքու-Ջեյհան նավթամուղի կառուցման մասին, ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանն ու նրա ամբողջ թիմը` Վարդան Օսկանյանը, Սերժ Սարգսյանն ասացին, որ ոչինչ չի ստացվի, դա ընդամենը խոսակցություն է: Այդ ժամանակ Բաքու-Ջեյհանի 5 տարբերակներից 3-ը անցնում էր Հայաստանով եւ ամենաէժանն էր: Այսօր Բաքու-Ջեյհանը իրականություն է եւ շրջանցել է Հայաստանը: Այսօր մենք դուրս մնացինք «Նաբուկո» -ից: Այսօր Հայաստանի զարգացման հեռանկարը լուրջ հարցականի տակ է: Մենք զրկվում ենք հնարավոր տնտեսական արդյունքներից միայն նրա համար, որ հայտարարում ենք, թե ունենք թշնամի հարեւաններ եւ չենք մասնակցում ոչ մի ծրագրի: Եթե այսպես շարունակվի, մենք առաջիկայում կդառնանք ՌԴ-ի տնտեսության կցորդը եւ տարածաշրջանում որեւէ ազդեցություն չենք ունենա: Գուցե սա այն է, ինչ մասին երազում էր Վարդան Օսկանյանը, երբ հայտարարում էր, որ մենք 100 տարի էլ կարող ենք մնալ շրջափակման մեջ եւ զարգանալ: Կյանքը ցույց տվեց, որ այսօր ոչ թե զարգացման, այլ գոյատեւման մասին պետք է խոսենք: Երբ մեր հարեւան երկրներում մի փոքր քամի է լինում, այսօր մեր ամբողջ տնտեսությունը կաթվածահար է լինում, եւ մենք հայտնվում ենք ճգնաժամի մեջ:

- Դուք առաջիններից մեկն էիք, ով կանխատեսեց, թե համաշխարհային տնտեսական ճգնաժամը ինչպես կանդրադառնա մեր տնտեսության վրա: Վարչապետ Տիգրան Սարգսյանը երկար ժամանակ վստահեցնում էր, որ տնտեսական ճգնաժամը ՀՀ չի հասնի կամ մեզ կշրջանցի, իսկ վերջերս նա հավաքել է Կառավարության անդամներին եւ նրանց արգելել արձակուրդ գնալ կամ բացակայել ՀՀ-ից` ասելով, թե ի՞նչ է, կարծո՞ւմ եք տնտեսական ճգնաժամն ավարտվել է: Ինչպե՞ս եք գնահատում վարչապետի հայտարարությունը եւ ընդհանրապես նրա տնտեսական քաղաքականությունը:

- Դա անպատասխանատու քաղաքականության արդյունք է: Իշխանությունը պատասխանատվություն չի կրում իր քայլերի համար` լինի դա մեծ տնտեսական եւ քաղաքական ծրագիր, թե շարքային քաղաքացուն վերաբերող խնդիր: 2008թ. նոյեմբերին, դեկտեմբերին արդեն ակնհայտ ճշմարտությունը նա ստիպված էր ասել հունիսին: Իրենք գիտեին, ինչ է սպասվում, պարզապես մեզ էին գցում թյուրիմացության մեջ: Փոխարեն հասարակությանը, տնտեսությունը պատրաստեին ճգնաժամին, ընկան պոպուլիստական հայտարարությունների հետեւից: Այսօր վարչապետը ստիպված է խոսում ճգնաժամի մասին, որովհետեւ բյուջեն դատարկվեց եւ ստիպված է դիմեցին տարբեր կազմակերպությունների վարկեր ստանալու համար: Այստեղ նաեւ մեղքի բաժին ունեն միջազգային կազմակերպություններ, որոնք այդ ամենը շատ լավ իմանալով, իրենց շահերից ելնելով, շարունակում էին գովաբանել ՀՀ -ի տնտեսությունը:

- ԱԺ-ն վերջերս արտահերթ նիստում քննարկեց ԱՄՀ-ից 202.400 միլիոն` հատուկ փոխառության իրավունքին համարժեք գումարի վարկ ստանալու մասին համաձայնագիրը: Բոլորն անխտիր քննադատեցին վարչապետին, ընդհուպ վիրավորանքներ հասցնելով, սակայն հաստատվեց համաձայնագիրը: Ինչպե՞ս եք գնահատում այս փաստը: Ո՞ւր են գնալու այդ գումարները:

- ՀՀ-ի` դեժավյու իրականությունն է: Մարդիկ, ովքեր ՀԱԿ-ի ներկայացուցիչների հետ 5 ամիս առաջ նույն հարցով բանավիճում էին, այդ նույն ԱԺ-ի քննարկման ժամանակ մեր ասածները կրկնեցին` ավելի վատ բառերով: Վարդան Այվազյանը շատ հետաքրքիր ձեւակերպումներ էր տալիս. «Մեր տնտեսությունը սատկում ա», որ ինքը ցանկանում է, որ իր երեխաներն ապրեն այս երկրում եւ այլն: Բա ո՞ւր էին 6 ամիս առաջ: Ես այս ամենը չեմ ասում նրա համար, որ ընդգծեմ, թե մենք ճիշտ էինք, մեր կանխատեսումները իրականություն դարձան, իսկ իշխանությունները` սխալ: Իսկապես, վիճակը շատ լուրջ է: Խնդիրն այն է, որ այս իշխանությունների վերջին 7 տարիների քաղաքականության արդյունքը սա պետք է լիներ, ուղղակի տնտեսական ճգնաժամն այդ գործընթացն ավելի զարգացրեց: Մի երկիր, որի տնտեսությունը հիմնված էր շինարարության եւ արտաքին աշխարհից ստացվող գումարների վրա, չի կարող այսպիսի վախճան չունենալ:

- Ի՞նչ լուծում եք տեսնում:

- Լուծումը մեկն է` այս իշխանությունները պետք է հրաժարական տան, քանի որ ի վիճակի չեն լուծել ոչ քաղաքական, ոչ տնտեսական հարցեր եւ ոչ էլ ի վիճակի են ՀՀ-ի հեղինակության բարձրացմանը նպաստել միջազգային կառույցներում: Այս իշխանությունները մինչեւ վերջ թաղված են կոռուպցիայի, հանցագործությունների մեջ: Լինի վարչապետ, լինի Սերժ Սարգսյան, լինի ԱԺ ղեկավար, նրանք բոլորն էլ հասկանում են, որ հայտնվել են այնպիսի ճահիճում, որտեղից մեկ ելք կա` հրաժարական եւ նոր ընտրություններ:


- Մոտ ապագայում ի՞նչ նոր զարգացումներ են սպասվում ՀՀ տնտեսական դաշտում:

- Տնտեսական անկումը կշարունակվի, սակայն մի քիչ ավելի մեղմ, քանի որ վարկային միջոցներ հայտնվեցին: Բյուջեի ֆինանսավորումը կարծես, թե այլեւս վտանգված չէ` միջազգային կազմակերպությունների տրամադրած գումարների շնորհիվ, բայց իրականում տնտեսական աճ չի գրանցվի, մենք շարքային քաղաքացիներս չենք զգա տնտեսական աճը, քանի որ տրամադրված վարկերը ուղղվելու են օլիգարխների ավելի հարստացմանը, որոնք մեզ ավելի են թալանելու` իրենց գրպանները լցնելու համար:

- Եւ որքա՞ն է այսպես շարունակվելու:

- Եթե այս ամենին ավելանան նաեւ քաղաքական զարգացումները` կապված ԼՂ հիմնախնդրի հետ` սեպտեմբեր-հոկտեմբերին իրավիճակն ավելի կսրվի. Իշխանությունները կկանգնեն կամկամի առաջ: Նրանք կամ պետք է հրաժարական տան, կամ ավելի ուժեղացնեն ռեպրեսիաները ժողովրդի նկատմամբ:

- ԼՂ հիմնախնդրի շուրջ ակտիվությունն ինչպե՞ս եք գնահատում: Առաջին անգամ ՀՀ ժամանեց ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալը, առաջին անգամ հրապարակվեցին այն սկզբունքները, որոնց շուրջ ընթանում են բանակցությունները:

- Դա նշանակում է, որ ԼՂ հարցում գերտերությունները համաձայնության են եկել, եւ պատրաստ են լուծում տալ խնդրին, այսինքն` այն, ինչ մայիսի 1 -ի հանրահավաքում ասաց Տեր-Պետրոսյանը: Այսօր դա իրականություն է դարձել եւ այդ մասին Ստեփանակերտում հունիսի 10-11-ի համաժողովում խոսել է նաեւ Վարդան Օսկանյանը` ասելով, որ եթե ԼՂ հարցում ԱՄՆ-ն ու ՌԴ գան ընդհանուր հայտարարության դա շատ վատ հետեւանքներ կունենա:

- Այսինքն, ԼՂ հիմնախնդրով երկար տարիներ բանակցող Վարդան Օսկանյանի միակ հույսն այն էր, որ ԼՂ հարցում ԱՄՆ-ն ու ՌԴ-ն չե՞ն գա ընդհանուր հայտարարի:

- Այո: Կոմպլեմենտար քաղաքականության հիմքն այն էր, որ ԼՂ հարցում գերտերությունների միջեւ գոյություն ուներ տարաձայնություն: ՀՀ իշխանությունները փորձում էին օգտվել այդ տարաձայնություններից, իսկ երբ այդ տարաձայնությունները վերանում են, մեզ հայտնի դարձան Մադրիդյան սկզբունքները, եւ այն, որ իրականում արագ եւ գործնական գործընթացներ են սպասվում ԼՂ հարցում: Այստեղ անհասկանալի է ՀՀ իշխանությունների խանդավառությունը:

- Ձեր կարծիքով, ԼՂ հարցում այսօր ի՞նչը կարող է խանդավառել մեր իշխանություններին:

- Կարծում եմ, մոտ ժամանակներս դա պարզ կդառնա: Ասում են` քյանդրբազությունն էլ վերջ ունի. կարծում եմ իշխանությունների քյանդրբազության վերջն է եկել:

- Տեր-Պետրոսյանն իր հանրահավաքում նաեւ ասել էր, որ ինչպես 1915թ. ցեղասպանությունը ծախեցին, հաջորդը ծախելու են Ղարաբաղը: Այսօր Ղարաբաղը ծախելու գործընթա՞ցն է ընթանում:

- Այն մարդիկ, ովքեր զբաղվել են ԼՂ հիմնախնդրով, այդ թվում մեր իշխանության օրոք իրենց մեկնաբանությունները կտան եւ ամեն ինչ ավելի հստակ կլինի: ԼՂ հիմնախնդիրը միայն այս իշխանությունների խնդիրը չէ, բոլորինս է: Այստեղ շատ կարեւոր է, թե ինչ արձագանք կտա ԼՂ-ն:

- ԼՂՀ-ում համահայկական գիտաժողով հրավիրվեց, որը կազմակերպեց ՀՅԴ-ն Բակո Սահակյանի հովանու ներքո:

- Դա չհաջողված թատերական ներկայացում էր: Այնտեղ ազնիվ խոսակցություն չի եղել: Դա ինչ-որ մեկին ինչ-որ բան ցույց տալու համար էր:

- Ձեր կարծիքով` Բակո Սահակյանն այսօր այնքան ինքնուրո՞ւյն է, որ կարողանա առանց Սերժ Սարգսյանի ցուցումների գիտաժողով կազմակերպել ԼՂՀ-ում:

- Այդ հարցը լուծել է Ռոբերտ Քոչարյանը, երբ ԼՂ-ին դուրս մղեց բանակցային գործընթացից եւ հայտարարեց, որ ԼՂ -ի հարցերը կլուծի ինքը` որպես ՀՀ ներկայացուցիչ: Այսօր բացի Սերժ Սարգսյանից` ԼՂ-ում որեւէ մեկը չի կարող հարց լուծել:


- ՀԱԿ-ը մտավախություն չունի՞, որ ԼՂ հարցում միայն հայտարարություններ անելով` չի կարող կանխել սկսված գործընթացը:

- Այդ մտավախությունը կա: Մենք միշտ ազնիվ ենք եղել մեր հայտարարություններում, եւ հնարավորինս ներկայացրել ենք իրականությունը: Կա այն մտահոգությունը, որ ամեն մի կորուստ չէ, որ հնարավոր է վերականգնել:

- Դուք ամբողջությամբ հայտնե՞լ եք ԼՂ հարցում ձեր ունեցած ամբողջ տեղեկատվությունը:

- Դեռ մի բան էլ ավել: Եթե մինչ օրս մենք տարբեր աղբյուրներից էինք տեղեկատվություն ստանում, հրապարակում, այսօր փաստաթուղթ հրապարակվեց, որ շատ բան է ասում:

- Ներկայիս ղեկավարությունը իշխանության եկավ ԼՂ հարցով` Տեր-Պետրոսյանին անվանելով դավաճան, Ղարաբաղը ծախող, այն դեպքում, երբ Տեր-Պետրոսյանը 1997թ. ընդամենը ժողովրդից չթաքցրեց, թե ԼՂ հիմնախնդրի լուծման ինչ տարբերակներ են առաջարկվում: Այսօր հրապարակված փաստաթղթով ՀՀ իշխանությունները պատրաստ են Ադրբեջանին վերադարձնել բոլոր 7 տարածքները, հայտնի չէ, թե ինչ ցամաքային կապ է լինելու ՀՀ-ի եւ ԼՂ-ի միջեւ եւ այլն: Ի՞նչ է սա նշանակում:

- Մենք երբեւէ չենք փորձել շահարկել այդ հարցը: Ես հիմա էլ կխուսափեմ գնահատական տալ այս իշխանություններին: Ես վստահ եմ, որ Տեր-Պետրոսյանն այսօր ցավում է, որ 1997թ. իր կանխատեսումներն այսօր իրականություն են դարձել: 1997թ. լավագույն պահ էր ԼՂ հիմնախնդիրը լուծելու համար: Այսօր մեկ հարց կա բոլորին անհանգստացնող: Մենք կարող ենք վերականգնել մեր դիրքերը ԼՂ հարցում:

- Դա հնարավո՞ր է:

- Չեմ կարող ասել, դա շատ դժվար հարց է:

Հարցազրույցը վարեց Վիկտորյա Աբրահամյանը