Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաշինյանն ուզում է փարոս լինել բանտում (տեսանյութ)

Քաղաքականություն

«Ես Նիկոլ Փաշինյանն եմ, եկել եմ, որ ինձ ձերբակալեք»,- խոստման համաձայն' Նիկոլ Փաշինյանն այսօր ներկայացավ ՀՀ Գլխավոր դատախազություն:

Մինչ դատախազություն հասնելը' Շահումյանի արձանի մոտից նա քայլեց մեն-մենակ, իսկ դատախազության մոտ նրան սպասում էին իր երեք փաստաբանները: Դատախազությունում Փաշինյանին չէին սպասում: Մոտ 20 րոպե նա զրուցեց լրագրողների հետ:

 «Ես ասել եմ, որ ներկայանալու եմ, որպեսզի իմ այն խոսքերը, թե իմ կյանքը դրված է պայքարի զոհասեղանին' ոչ միայն խոսք է, այլեւ' գործ»,- դատախազության շենքի ներսում «Ա1+»-ին ասաց Նիկոլ Փաշինյանը: 

Իսկ ինչո՞ւ ներկայացաք այսօր, եւ ոչ թե վաղը' հանրահավաքին ժողովրդին դիմելու հնարավորություն կունենայի՞ք. «Ա1+»-ի հարցին' Փաշինյանը պատասխանեց. «Ճիշտն ասած' ես երկար եմ մտածել վաղվա հանրահավաքի մասին, սակայն կարող էր տպավորություն  եւ շահարկում լինել, որ ես փորձ եմ անում թաքնվել մեր բազմահազարանոց կողմնակիցների թիկունքում: Ես մտքով իրենց հետ եմ, ես այս ամբողջ ընթացքում եղել եմ իրենց հետ եւ չեմ ուզում գայթակղության տեղ թողնել, թե թաքնվում եմ: Ես չեմ թաքնվել եւ թաքնվելու խնդիր չունեմ: Ես ասել եմ, որ պայքարելու եմ մինչեւ վերջ, եւ կասկած չունեմ, որ մեր շարժումը հանգելու է հաղթական ավարտի»:

Ինչ վերաբերում է այն կարծիքներին, թե ներկայանալու դեպքում իր անվտանգությունը կարող է վտանգվել' Նիկոլ Փաշինյանն ասաց. «Իմ կարծիքով' քաղաքական գործիչը նա է, ով անհրաժեշտ պահի կարողանում է կայացնել դժվար որոշումներ, թեկուզ ինչ-որ տեղ իր կողմնակիցներին եւ համակիրներին ոչ այնքան հարմար: Բայց ես ասեմ, որ իմ անվտանգության հետ կապված որեւէ խնդիր չեմ տեսնում: Ես հարցին նայում եմ քաղաքական պայքարի տրամաբանությունից: Ես դեռ քաղաքականությամբ զբաղվելուց առաջ եմ ասել, եթե քաղաքական գործիչը անհրաժեշտ է զոհվի հանուն իր գաղափարների, պետք է զոհվի»:

Այսօր Փաշինյանը, պատասխանելով մեր հարցին, շատ բարձր տրամադրությամբ ասաց, թե ինչ է իրեն սպասվում. «Ինձ կձերբակալեն, հետո խափանման միջոց կընտրեն կալանքը, հետո հնարավորինս երկար ինձ կդատապարտեն ազատազրկման: Իմ ընկեր Միքայել Հայրապետյանը հոդված է այսօր հրապարակել, որտեղ նշել էր, որ ես դրոշ եմ, փարոս եմ եւ դրոշը չի կարող հայտնվել բանտում: Իմ սիրելի եղբորը ես ուզում եմ ասել, որ ես ուզում եմ փարոս լինել բանտում: Քանի դեռ ես բանտում կլինեմ, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կհասկանա, որ ՀՀ-ում ազատաթյան եւ անկախության խնդիր կա, եւ ՀՀ յուրաքանչյուր արժանապատիվ քաղաքացի պետք է պայքարի հանուն ազատության»:

 Անդրադառնալով հայտարարված համաներմանը' Փաշինյանն ասաց. «Ինձ համար համաներումը գործնական հարց է: Ինձ համար կարեւորն այն է, որ իմ 20-ից ավելի քաղբանտարկյալ ընկերները հայտնվել են ազատության մեջ: Ինձ համար դա գերագույն արժեք է եւ, ընդ որում, ինձ հնարավորություն են տվել հայտնվել  այստեղ: Ես անկեղծ եմ ասում, եթե նրանք մնային բանտում, ես չէի կարող այս որոշումը կայացնել, որովհետեւ դա իսկապես կհուսալքեր մեր տասնյակ հազարավոր համախոհների: Մեր հաղթանակը անխուսափելի է, մեր պայքարը անկասելի  է, եւ մենք հաղթելու ենք»: Մինչ Փաշինյանը պատասխանում էր լրագրողների հարցերին' ՀՀ գլխավոր դատախազության շենքից դուրս եկողները նրան տեսնելով զարմացած, հետ էին մտնում' ամենայն հավանականությամբ Փաշինյանի ներկայանալու մասին զեկուցելու համար: «Ի դեպ, ես այստեղ տեսա օպերատիվ հետախուզության տղերքին, ովքեր տարի ու կես է ման են գալիս ինձ ու չեն գտնում»,- զրույցի ընթացքում դատախազության մուտքի մոտ կանգնածներին ճանաչեց Փաշինյանը: 

 «Մարդասպաններին պատժելը իմ անձնական գործն է»

 Նիկոլ Փաշինյանը այսօր վստահեցրեց, որ երբեւէ չի զղջա իր այս քայլի համար:Ամբողջ պայքարի ընթացքում նա զղջում է միայն մեկ բանի համար. «Միակ ցավն այն է, որ մենք 10 զոհ ենք ունեցել: Ցանկացած զրկանք, որը վերականգնելի է, նորմալ է, իսկ այն կորուստները, որոնք վերականգնելի չեն, դա ողբերգություն է, ինձ համար անձնական ողբերգություն: Ես այսօր դատախազության մուտքի մոտից ուզում եմ կրկին գլուխ խոնարհել մարտի 1-ի 10 զոհերի առաջ: Դիմում եմ զոհերի հարազատներին, որ նրանք իմանան, մարտի 1-ի մարդասպաններին պատժելու գործը իմ անձնական գործն է, իմ կյանքի գործն է եւ ես մինչեւ վերջ պայքարելու եմ, որ բոլոր մարդասպանները կանգնեն դատարանի առաջ' առանց համաներման իրավունքի»:

Ինչ վերաբերում է այն փաստին, որ «7-ի գործով» անջատված գործերով բոլորի գործերում եւ մեղադրական վճիռներում տեղ են գտել իր ելույթները, ապա Փաշինյանն ասաց. «Մարտի 1-ին ես շատ ելույթներ եմ ունեցել եւ ամբողջը չեմ կարող հիշել: Բայց ինձ վերագրում են խոսքեր, ցույց են տրվում, արտաբերվում են ֆրազներ, որոնք ես չէի կարող արտաբերել: Դա նույն է, որ Ձեզ հայտնի Մարիշ Բոզիկյան անունով մարդը փորձում էր ապացուցել, որ ես ասել եմ, թե հոգիս փառավորվեց, երբ ես տեսա ոստիկաններին ծեծում են: Ես ասում եմ' ցանկացած ոստիկան փողոցում կանգնած, երբ տանը մենակ է իր կնոջ եւ երեխանների հետ' նա համոզված է, որ մեր պայքարը արդար է: Այդ թվում այն ոստիկանները, ովքեր մարտի 1-ին եղել են գործողությունների թատերաբեմում, նաեւ այն օպերատիվ աշխատողները, ովքեր տարուց ավել հալածում են իմ ընտանիքի անդամներին' ամեն քայլափոխը արձանագրելով: Այդ ոստիկանները օդից չեն ընկել' մեր հարեւաններն են, մեր ծանոթներն են, ես գիտեմ նրանք ինչ են մտածում: Այսօր Հայաստանի խնդիրն այն է, որ մարդիկ մտածում են մի բան, ասում են' մեկ այլ բան: Քաղաքական գործունեության խնդիրն այն է, որ մենք ասենք այն, ինչ մտածում ենք»:

Փաշինյանը «Ա1+»-ին վստահեցրեց, որ իր հետ որեւէ բան չի կարող տեղի ունենալ, այդ թվում' նախաքննության ընթացքում. «Սերժ Սարգսյանից սկսած ամենավերջին չինովնիկը երազում է, որ ինձ հետ որեւէ բան տեղի ունենա: Ես բանտից դուրս եմ գալու եւ մինչեւ իմ դուրս գալը' մենք հաղթելու ենք: Այս պայքարն իմ կյանքի գործն է, ես ուրիշ անելիք չունեմ»:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը այսօր դատախազությունից հասցրեց զանգահարել եւ խոսել իր երեխանների հետ' հետաքրքրվել' նրանց տրամադրությամբ, ի՞նչ են անում, դասերն ինչպե՞ս են: Ի դեպ, երբ նրա տղան իմացավ, որ հայրը դատախազությունում է, հարցրեց. «Պապ, քեզ դատում են»:  Փաշինյանը նկատեց, որ արդեն 20 րոպե  է անցել, սակայն Հատուկ քննչական ծառայությունից որեւէ մեկը չէր շտապում Փաշինյանին ձերբակալել: Փոխարենը ներկայացան 3 երիտասարդ եւ ներկայանալով  Կենտրոնի ոստիկանության աշխատակիցներ' Փաշինյանին խնդրեցին հետեւել իրենց: Առանց դիմադրելու Փաշինյանը քայլեց նրանց հետ: Մինչ Ոստիկանության Կենտրոնի բաժնում արձանագրում էին Փաշինյանի վերադարձը' Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչները հավաքվեցին' ոստիկանության շենքի մոտ: Մոտ 2 ժամ հետո Փաշինյանը դուրս եկավ Ոստիկանության Կենտրոնի շենքից եւ հավաքվածներին ողջունեց. «Պայքար, պայքար մինչեւ վերջ»: Ավելի ուշ պարզ դարձավ, որ Փաշինյանին տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան: