Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կազինոյի համար հող` ջրի գնով (տեսանյութ)

Քաղաքականություն

ՀՀ-ում հողի վաճառքի չլսված գինը է արձանագրվել: 2007-08թ. Փարաքար գյուղում կազինոների եւ կահույքի խանութների համար վաճառվել է հող` մեկ քառակուսի մետրը 6,7 դրամով:

Այս փաստը իր հաշվետվության մեջ արձանագրել է ՀՀ Վերահսկիչ պալատի խորհուրդը: Սա հաշվետվությունում տեղ գտած միակ ուշագրավ փաստը չէր, որն այսօր ներկայացվեց ԱԺ-ում: Ծիծաղելի գներով հողի վաճառքի դեպքեր են արձանագրվել հատկապես Արմավիրի մարզում:

«Մենք արձանագրել ենք, երբ 10 հեկտար հողը` վաճառվել է 35 հազար 438 դրամով մեկ հեկտարը, եւ 10 հեկտարի համար համայնքի բյուջե մուտք է եղել 354 հազար դրամ, սակայն ուղիղ մեկ օր հետո այս հողը վերավաճառվել է 3 միլիոն 900 հազար դրամով: Հաջորդ դեպքում 40 հեկտար հողը վաճառվել է 850 հազար դրամով, եւ ընդամենը 26 օր հետո վերավաճառվել է 21 միլիոն դրամով»,- ասաց Իշխան Զաքարյանը:

Ի դեպ, դա տեղի է ունեցել այն ընթացքում Արմավիրում մարզպետ է փոխվել` Ալբերտ Հերոյանին փոխարինել է Աշոտ Ղահրամանյանը:
Արմավիրի մարզում չարաշահումներ են հայտնաբերվել նաեւ քաղաքաշինության ոլորտում եւ հայտնաբերվել է 86 միլիոն դրամի խախտում: 2007-08թթ. հայտնաբերված խախտումների հիման վրա Վերահսկիչ պալատը դատախազություն է ուղարկել 9 գործ, որոնցից 6-ով հարուցվել են քրեական գործեր: Ի դեպ, իր ուսումնասիրություններում Վերահսկիչ պալատը հիացել է ՍԴ-ի եւ ՀՀ Գլխավոր դատախազության ֆինանսատնտեսական վիճակով, որը Իշխան Զաքարյանը գնահատեց. «Գրեթե անթերի է»:

Ինչպե՞ս եք բացատրում այն փաստը, որ բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեր դատախազությունը ամենակոռումպացված մարմիններից է, մի գուցե այլ տեղ է ուսումնասիրել` «Ա1+»-ի հարցը պարոն Զաքարյանը պարզաբանեց. «Մենք նայում ենք միայն պետական բյուջեից ստացված միջոցները, պետական բյուջեից ինչի համար են գումար տվել: Եվ վերջ: Եթե գումար են տվել, այնտեղ մոտ 90 տոկոսը գնում է աշխատավարձի, իր ամբողջ համակարգով` աշխատավարձ, ապարատի պահպանում, չգիտեմ, հոսանք, ջուր: Ինչ որ պետք է ապարատի համար: Մենք այս մասով ենք ասում, որ խախտումներ ֆինանսական չկան»:

Վերահսկիչ պալատը չարաշահումներ է բացահայտել Մշակույթի նախարարությունում, որոնք վերաբերում են 2007-08թթ. բյուջետային ծախսերին: Նախարարությունը թույլ է տվել 61 միլիոն 499 հազար դրամ ֆինանսական խախտում, որը պետք է վերադարձնի բյուջե:
Ուսումնասիրվել է նաեւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատանքները եւ արձանագրվել ենք 444 միլիոն 240 հազար դրամ լրացուցիչ բյուջե չմուտքագրված գումարներ: «Այդ գումարներն այն փողն է, որ չի գանձվել ռադիոհաճախականությունների օգտագործման համար, արբանյակային ինտերնետ կապի ծառայության համար, ռադիոռելեային կապի`հեռուստահաճախականությունների համար, ռադիոմոդեմային կապի համար, ռադիոկապի համար` ռացիաներ, հեռահաղորդակցության լիցենզիաներից չգանձված գումար»,- ասաց Զաքարյանը: