Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արտակարգ իրավիճակ Լոռու մարզում (տեսանյութ)

Հասարակություն

Հունիսի 28-ին Լոռու մարզում տեղացած հորդ անձրեւի հետեւանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել:

 Վանաձորի թիվ 24 դպրոցի բակը, նկուղը եւ առաջին հարկը ողողած ջրերն սկսել են հոսել քաղաքի Ներսիսյան ու Սանկտ-Պետերբուրգյան փողոցներով:

Սարերից իջնող անձրեւաջրերը ողողել են մարզի Գուգարք ու Շահումյան գյուղերը: Ջրաբեկորները, լցվելով սելավատարերը, փակել են ջրի հունը, ինչի հետեւանքով ջուրը հոսել է փողոցներով ու լցվել բնակելի տների առաջին հարկերը, օժանդակ կառույցներն ու տնամերձ հողամասերը:

Ստեղծվել է փրկարարական երեք աշխատանքային խումբ' վթարավերականգնողական  աշխատանքների իրականացման համար: 

Շահումյան գյուղ է մեկնել մարզային փրկարարական ջոկատը, Վանաձորի թիվ 24 դպրոց' մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները գետի ափապաշտպան պատի վրա անցք են բացել ու ջրի հոսանքն ուղղել դեպի հունը:

Մարզպետի կարգադրությամբ վթարավերականգնողական աշխատանքներում ներգրավվել են Լոռու ՙՋրմուղ կոյուղի՚ ՓԲԸ-ի, ՙՀայռուսգազարդ՚ ՓԲԸ-ի եւ ՙԴեբեդ՚ մասնաճյուղի ՓԲԸ-ի աշխատակիցներն ու տեխնիկան:

Կատարվել են սելավատարերն ու փողոցները ջրաբեկորներից մաքրելու, բնակելի տներից ջրահեռացման աշխատանքներ:

Ժամը 22.30-ին սահմաններում աշխատանքները հիմնականում ավարտվել են, բնակչությանը սպառնացող վտանգը' վերացվել:

Զոհեր եւ վիրավորներ չկան:

Գուգարք եւ Շահումյան գյուղերի սելավատարերի ու ճանապարհների մաքրման աշխատանքները կշարունակվեն հունիսի 29-ին:

Կարկուտ

Նույն օրը, ժամը 16.00-ից 16.30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզում տեղացած կարկուտը վնասել է մարզի Աղբերք գյուղի բնակիչների տների տանիքների թիթեղները, ցանքատարածքներն ու հոսանքալարերը, ինչպես նաեւ Շորժա գյուղի տների տանիքները, ցանքատարածքները եւ պտղատու այգիները:

Էլեկտրական ցանցի աշխատակիցների կողմից կատարվում են վերականգնողական աշխատանքեր:

Ստեղծվել են հանձնաժողովներ' վնասի չափերը պարզելու համար:

Այդ մասին հայտնում են Փրկարար ծառայության մամլո բաժնից: