Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բոլորն ընդդեմ Փոստանջյանի (տեսանյութ)

Քաղաքականություն

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի քայլը լուրջ պառակտման առիթ է հանդիսացել:

 Հայկական պատվիրակությունն այսօր բաժանված է երկու անհավասար մասերի. մեկում Զարուհի Փոստանջյանն է, մյուսում' հայկական պատվիրակության մնացած անդամները:

Խնդիրը ադրբեջանցի եւ թուրք պատգամավորների երկու ստորագրությունն էր, որ դրվել էր Փոստանջյանի առաջարկի տակ: 

«ՀՀ պատվիրակության կազմի մեջ լինելու օրից' արդեն 9 տարի բազմաթիվ խնդիրներ ենք ունեցել, բազում անգամներ Հայաստանի հարցը տարբեր ռակուրսներով քննարկվել է, ռեզուլյուցիաներ են ընդունվել, ՀՀ ընդդիմության ներկայացուցիչներն իրենց շահերը, իրենց դիրքորոշումները ներկայացրել են այնպես, ինչպես հարմար են գտել, բայց սա աննախադեպ երեւույթ է այնքանով, որ երբեւիցե ընդդիմության ներկայացուցիչը Ադրբեջանի պատվիրակի հետ միասին ընդհանուր շահերով հանդես չի եկել,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ անդամ ԵԽԽՎ-ում երկար տարիներ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը,-  Խնդիրն այն է, որ այսօր որեւէ հայ մարդ, Հայաստանի քաղաքացի Ադրբեջանի պատվիրակի հետ ընդհանուր ֆրոնտ ունեցավ»:

«Ա1+» -ի հերցին, թե ինչու ՀՀ պատվիրակությունը չստորագրեց առաջարկի տակ եւ չապահովեց ստորագրությունների անհրաժեշտ քանակը,Հերմինե Նաղդալյանը պատասխանեց. «Զարուհի Փոստանջյանը պատվիրակությանը չի դիմել, որեսզի կարողանար ասել, որ մենք չենք ստորագրել, եւ երկրորդը' ԵԽԽՎ-ում 670 պատվիրակ կա, եւ կարելի էր գտնել 3 հոգի, 5 հոգի կամ ավելի մարդ, որ կստորագրեր առաջարկի տակ, բայց անել այդքան անխոհեմ, այդքան չկշռադատված քայլ... դա ուղղակի չմտածված քայլ է եղել, կարծում եմ, եւ նա չի հասկացել, թե ինչ քաղաքական հետեւանք կունենա, ինչպեսի գին կունենա այդ քայլը, իսկ այդ քայլի քաղաքական գինը շատ բարձր է ու բացասական, ընդ որում ոչ միայն իր համար, այլ այն քաղաքական ուժի, որն ինքը ներկայացնում է: Այսօր պետք է հարցնել, պարոնայք, դուք ում հետ եք' ՀՀ-ի, թե Հաջիբեյլիի եւ Փաշաեւայի»,-ասաց Հերմինե Նաղդալյանը:

Ի դեպ, Փոստանջյանի ստորագրություններ հավաքելու պահին Հերմինե Նաղդալյանը դեռ Ստրասբուրգ չէր ժամանել: Տիկին Նաղդալյանը զրույցի ավարտին մեջբերեց 20-րդ դարի հզորագույն քաղաքական գործիչ Չերչիլի խոսքը. «Երբ հարցրել են նրա քաղաքական հաջողության գաղտնիքը, ասել է' իմ երկրից դուրս երբեք իմ երկրին չեմ քարկոծել, դրա փոխարեն տեղը հանել եմ երկրի ներսում»:

Զարուհի Փոստանջյանն «Ա1+»-ին ասաց, որ խնդիր չի հետապնդել, թե ով կստորագրի առաջարկի տակ.«Խնդիրը մեկն էր, այնպես անել, որ այն մարդիկ, ովքեր գտնվում են մեկուսարաններում' կարողանան դուրս գալ մեկուսարաններից»: Նա տեղեկացրեց, որ այդ կապակցությամբ , նաեւ փաստահավաք խմբի վերականգման եւ միջազգային փորձագետների ներգրավման առաջարկով դիմել է հայկական պատվիրակության անդամներին, սակայն Դավիթ Հարությունյան ու Արմեն Ռուստամյանը հրաժարվել են ստորագրել:

«Իսկ քանի որ քիչ ժամանակ էր մնացել, շատ ծանոթություն էլ չունեմ, մարդիկ, ովքեր ինձ ճանաչում են, առաջարկեցին ստորագրել այդ առաջարկի տակ, այդ թվում եւ ադրբեջանցի պատվիրակը»,-ասաց  Զարուհի Փոստանջյանը, որին ոգեւորել է այն հանգամանքը, որ արցախյան հերոսամարտի մասնակից, ազատամարտիկի ազատ արձակման համար ստորագրել է ադրբեջանցի պատգամավորը:

«Ես հասա նրան, որ հայանպաստ որոշմանը միացան ադրբեջանցի պատվիրակները»,-ասաց Փոստանջյանը:

«Չպետք է մտածես, որ ադրբեջանցիների միջոցով կարող ես հասնել Հայաստանում ժողովրդավարության»,-«Ա1+»-ին ասաց ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանը, ապա հիշեցնելով, որ Հայաստանին վերաբերող ցանկացած քննադատության շատ մեծ հաճույքով միանում  է Ադրբեջանը, ավելացրեց.«Նրանց նպատակը մեր երկրում ժողովրդավարության հաստատումը չի, այդ գործիքը միշտ հակառակ էֆեկտն է տալիս, վերջին պահին նա է քեզ թելադրում եւ դու հայտնվում ես օտար խաղերի մեջ: Դրա համար Հայաստանը պետք է ներկայացնել որպես մեկ ամբողջություն, ես այստեղ տեսել եմ հենց այդպես մտածող եւ աշխատող ընդդիմադիր գործիչներ,  որոնք երբեք տուրք չեն տվել նման մեթոդների: Կարծում եմ, որ ժամանակի ընթացքում կգիտակցվի սա, եւ որոշ հարցեր կդառնան սրբության սրբոց եւ երբեք չեն վերածվի խաղարկման առարկայի»:

Դիանա Մարկոսյան

Ստրասբուրգ