Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Փաշինյանը ընտրում է բանտը

Քաղաքականություն

«Հայկական ժամանակ» թերթի` ընդհատակում գտնվող խմբագիր Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հայտարարություն է  տարածել:

«Ես' Նիկոլ Փաշինյանս, որ 2008 թվականի մարտի 2-ից գտնվում եմ ընդհատակում,ահա ընդհատակից դուրս գալու, եւ քաղաքական պայքարս բանտում շարունակելու որոշում եմ կայացրել: Նման քայլի շուրջ նախկինում նույնպես մտածել եմ, բայց որոշումը կայացրել եմ վերջին իրադարձություններից հետո:

Նախկինում որոշման կայացմանը խանգարող ամենահզոր փաստարկը եղել է այն, որ ընդհատակից իմ դուրս գալը եւ բանտում հայտնվելը կարող է հարված դառնալ Համաժողովրդական շարժման համար: Ներկա իրավիճակում այդ վտանգը հաղթահարված եմ համարում, որովհետեւ համաժողովրդական պայքարի արդյունքում իմ քաղբանտարկյալ ընկերներից շատերը ազատություն են ստանում, ինչը նոր լիցք ու ոգեւորություն կհաղորդի Շարժմանը, Հայ ազգային կոնգրեսին: Եւ ուրեմն' հպարտությամբ արձանագրում եմ, որ եկել է քաղբանտարկյալ դառնալու իմ հերթը նույնպես:

Ընդհատակից բանտ տեղափոխվելու որոշումս նաեւ արդյունավետ քաղաքական պայքարը շարունակելու մտահոգությամբ է թելադրված: Վերջին 1.3 տարվա ընթացքում գրեթե ամենօրյա ռեժիմով հանդես եմ եկել «Հայկական ժամանակ» օրաթերթում, ստեղծել եմ «Երկրի հակառակ կողմը», սերժանտական հանրային հեռուստատեսության եթերից ուղերձով դիմել եմ ՀՀ քաղաքացիներին, ելույթ եմ ունեցել Հայ ազգային կոնգրեսի բազմահազարանոց հանրահավաքում, իմ ընկերների աջակցությամբ ստեղծել եմ էջ-կայք, պատասխանել եմ այդ էջ-կայքի այցելուների հարյուրավոր հարցերի, հարցազրույցներ եմ տվել մի քանի լրատվամիջոցների, հրապարակել եմ ընդհատակյա լուսանկարներ, մասնակցել եմ մի քանի հայտնի քաղաքացիական երգերի ստեղծմանը:

Բոլոր այս քայլերը ձեռնարկել եմ հապացույց այն ճշմարտության, որ մեր պայքարը անկասելի է, մեր հաղթանակը անխուսափելի է, որ մենք պայքարելու ենք մինչեւ վերջ, «օդում, ջրում եւ ցամաքում», պայքարելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չենք ազատել ավազակապետական բեսպրեդելից, քանի դեռ Հայաստանը չենք դարձրել Սահմանադրության եւ օրինականության երկիր, քանի դեռ չենք ստեղծել Ազատ եւ Երջանիկ Հայաստան, որը ապահով տուն եւ տաք օջախ է իր քաղաքացիների համար: Եւ ուրեմն' բանտ տեղափոխվելու իմ որոշումը պետք է դիտարկել հենց այս տեսանկյունից, որովհետեւ ընդհատակից պայքարը նախկին արդյունավետությամբ շարունակելու հնարավորությունները սպառված են, մեծանում է կրկնվելու, ճահճանալու վտանգը:

Պայքարին նոր լիցք է հարկավոր, եւ այդ նոր լիցքը իմ քաղբանտարկյալ ընկերների մի մասը կհաղորդի' ազատության մեջ հայտնվելով, ինքս հույս ունեմ այդ լիցքը հաղորդել բանտում հայտնվելով: Այս պահին նպատակահարմար չեմ համարում բարձրաձայնել ընդհատակից դուրս գալու կոնկրետ օրվա մասին: Կարող եմ ասել միայն, որ դա տեղի կունենա առաջիկա մեկ ամսվա ընթացքում: Չեմ որոշել նաեւ, թե «իրավապահ» ո՞ր կառույցի, ո՞ր ստորաբաժանում եմ այցելելու: Ներկայումս գտնվում եմ այդ հարցի շուրջ որոշում կայացնելու փուլում:

Գիտակցում եմ նաեւ, որ իմ այս որոշումը բազմաթիվ հարցեր է առաջացնելու մեր համախոհների, իմ էջ-կայքի այցելուների, «Հայկական ժամանակ» օրաթերթի ընթերցողների եւ ընդհանրապես քաղաքացիների շրջանում: Եւ ահա, մտադիր եմ առաջիկա ժամանակաշրջանը տրամադրել այդ հարցերին պատասխանելու գործին, որից հետո արդեն տեղի կունենա «բուն արարողությունը»: Եւ ուրեմն, տվյալ խնդրի առնչությամբ ինձ ուղղված հարցերը կարող եք փոխանցել իմ էջ-կայքի «Հարցուպատասխան» բաժնի միջոցով: Հիշեցնեմ, որ իմ էջ-կայքը գործում է www.nikol.am, www.nikolpashinyan.com հասցեներով:

Ուղարկեք ինձ ձեզ հետաքրքրող հարցերը, եւ ես կպատասխանեմ դրանց' հնարավորինս արագ: Ամփոփելով սույն հայտարարությունը, ուզում եմ դիմել Համաժողովրդական պայքարի, Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներին եւ կողմնակիցներին. գլուխներդ բարձր, դուխներդ տեղը' պայքարելու ենք մինչեւ վերջ, ու հաղթելու ենք: Մեր պայքարը անկասելի է, մեր հաղթանակը անխուսափելի է, եւ ուրեմն' պայքար, պայքար մինչեւ վերջ»,-ասել է Նիկոլ Փաշինյանը: