Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հոգեխանգարմունքի մեջ չեն եղել

Հարցազրույց

«Մարտի 1-ի հետքերը չեն կարող լրիվ անցնել, քանի որ բոլոր հարցերը չեն լուծվել: Դատական պրոցեսներ են ընթանում, ձերբակալվածներ կան, հարազատներ կան, որոնք դժգոհ են, սպանվածներ կան: Բոլոր հարցերը ամեն օր հուզում են քաղաքացիներին»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց հոգեբան Ալբերտ Նալչաջյանը: Նա պատասխանեց նաեւ մեր մյուս հարցերին:

-Ե՞րբ կանցնի այդ վիճակը:

-Երբ բոլոր հարցերը արդարացի լուծվեն: Արդարություն պետք է լինի: Արդարության սպասումն է: Ով իսկապես հանցագործություն է կատարել, թող պատասխանը տա, ով չի կատարել, այլ ուղղակի ելույթ է ունեցել, իր կարծիքն է հայտնել, պետք է ազատ արձակել: Պետք է արագացնել այդ պրոցեսը, որը շատ երկար տեւեց: Չի կարելի: Չէ՞ որ ուրիշ հարցեր կան, երկիրը պետք է ուժեցացնել, հզորացնել: Բազմաթիվ մարդիկ ժամանակ են կորցնում դրա վրա: Ազգը փոքրաթիվ է, մենք սխալ ենք մեր ուժերը օգտագործում:

-Այս պարագայում համաներումն ինչպե՞ս կարող է ազդել նրանց հոգեվիճակի վրա:

-Կարծում եմ, որ ցանկալի է համաներումը: Այն ժողովրդի հոգեբանության վրա դրական ազդեցություն է գործում: Պետության մասին դրական պատկերացում է ստեղծում, մարդասիրական:

-Իրանում տեղի ունեցող դեպքերը կարծես թե նման են Հայաստանում նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցող դեպքերին, ինչը որոշ մարդկանց կողմից որակվեց որպես հոգեխանգարմունք, հատուկ տեխնոլոգիաների կիրառում: Կարծո՞ւմ եք, որ Իրանում էլ տեխնոլոգիաներ են կիրառվել, մարդիկ "հոգեխանգարմունքի" մեջ են:

-Չեմ կարծում: Մեզ մոտ էլ չեմ կարծում, որ այդ տեխնոլոգիաները շատ են օգտագործել: Երբ որ բազմություն է հավաքվում, բազմությունը հեշտությամբ ագրեսիվ է դառնում, եւ եթե կա լիդեր, որը կոչ է անում ավերիչ գործողություններ կատարել, շատերը, եթե մյուս կողմին չեն սիրում, պատրաստ են դիմելու նման գործողությունների: Կարծում եմ, որ եւ Հայաստանում տեղի ունեցած դեպքերը, եւ այժմ Պարսկաստանում, ամբոխի հոգեբանության հետ կապված հարցեր են, եւ եթե օգտագործեին առանձին տեխնոլոգիաներ, ապա ավելի լուրջ կլիներ: Բայց առանց դրան էլ աշխարհում հնագույն ժամանակներից մինչեւ հիմա ամբոխներ են ստեղծվել, ավերածություններ են կատարել, սպանություններ են կատարել, հատուկ տեխնոլոգիաներ պետք չեն, դրա համար մի տարրական բան էր հարկավոր իմանալ' ինչ-որ լիդերները գիտեն: Իրենց լիդերը չի անցել, գտնում են անարդարություն է տեղի ունեցել, մարդիկ պայքարում են անարդարության դեմ: Աշխարհում մի քանի գործոններ կան, որոնք մարդկանց մեջ զայրույթ են առաջացնում, դրանցից մեկը անարդարությունն է: Դա բնական երեւույթ է: Դա կարող է շատ ուժեղ լինել:Եթե օրինակ ինձ, որպես հոգեբանի խնդրեն նախապատրաստել, իհարկե ես  որոշ լրացուցիչ գործոններ կարող եմ օգտագործել եւ ավելի ագրեսիվ դարձնել մարդկանց: Հոգեբանությունը ունի այդ հնարավորությունը:

-Ձեր ծառայություններից որեւէ թեկնածու չի՞ օգտվել:

-Փառք Աստծո, ոչ: Եվ ես չէի էլ մտնի այդ գործի մեջ: Հոգեբանները ակտիվացան այդ գործողություններից հետո:

-Ուշացած չէ՞ր

-Իհարկե, ուշացած էին: Եթե հրավիրեին կանխելու համար, գուցե կարողանային օգնել եւ զոհեր չլինեին: Հոգեբանների օգնությանը չեն դիմում: Չեն սիրում հոգեբաններին ամենուրեք, որովհետեւ ճշմարտությունն են ասում:

 -Ձեր գնահտմամաբ'  ի՞նչ հոգավիճակում է հայ ժողովուրդը այսօր:

-Չէի ասի, թե լավատեսական է: Այսօրվա այստեղ ապրող հայերը հոռետես են, ապա կասեի, որ մոտավորապես հավասարակշռված են: Հոռետեսությունը հաճախ ավելի գերակշռում է: Միայն այն փաստը, որ սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ այսօր մոտ 30 տոկոսը հայերի պատրաստ է լքել Հայաստանը' ավելի լավ տեղ գտնելու ակնկալիքով, ապա սարսափելի բան է: Քանի- քանի~սն էլ չեն ասում իրենց իրական մտադրության մասին: Նշանակում է' ժողովուրդը լավատես չէ ընդհանուր առմամբ: Իսկ եթե մարդը լավատես չէ, ապա դա ազդում է բոլոր կյանքի կողմերի վրա:  Բայց  պիտի դիմանանք, ցավոք սրտի:

Զրուցեց Քնարիկ Իսոյանը