Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՒՄ Է ԱՎԵԼԻ ՁԵՌՆՏՈՒ ՄԵ՞Զ, ԹԵ’ ԵՎՐՈՊԱՅԻՆ

Տնտեսություն

Աննախադեպ տնտեսական աճ գրանցած Հայաստանը նպատակադրվել է միանգամից ինտեգրվել Եվրոպական երկրների շուկաներ: Չգիտես ինչու տնտեսապես հզորացող երկիրը չի վախեցնում եվրոպացիներին եւ նրանք նույնիսկ պատրաստ են Հայաստանին աջակցելու այդ գործում` փոխադարձաբար այստեղ մուտք գործելու ակնկալիքով:

Սեւծովյան համագործակցության տնտեսական գործարար խորհրդի եռօրյա աշխատանքներին մասնակցելու համար Հայաստանում են գտնվում Սեւծովյան համագործակցության երկրների առեւտրաարդյունաբերական պալատների ղեկավարները:

Սա առաջին դեպքն է, երբ այդ կառույցի ներկայացուցիչները հավաքվել են մեկ տեղում` գործարար կապերի ընդհանուր խնդիրները քննարկելու համար: Սակայն, բացակայողներ նույնպես կան: Հայաստան չի եկել օրինակ Ադրբեջանի ներկայացուցիչը, որը իր քայլի բարեկրթությունն ապահովելու համար կազմակերպիչներին տեղեկացրել է, որ վատառողջ է:

«Տարբեր երկրների գործարարների միջեւ կապը հեշտացնելու նպատակով կազմակերպությունը հատուկ աջակցություն է ցուցաբերում տարբեր երկրներ մուտքի վիզաների ձեռքբերման ուղղությամբ»,- տեղեկացրեց գործարար խորհրդի գլխավոր քարտուղար Կոստաս Մասմանիդիսը:

Կազմակերպության հույն ղեկավարը, իրականում, լավատեղյակ է, որ «գործարար կապ» հասկացությունն ավելի լայն է եւ չի սահմանափակվում միայն մեկ գործարարի շրջագայությամբ: Գործարարների համար առավել կարեւոր է ճանապարհների խնդիրները, թե ինչպե՞ս իրենց արտադրանքն ավելի մատչելի ձեւերով տանել-հասցնել նոր շուկաներ:

Ճանապարհների խնդիրներով, սակայն, Սեւծովյան համագործակցության տնտեսական խորհուրդը չի զբաղվում: Մասնավորապես, թե ինչպե՞ս կարող է Հայաստանը նորմալ համագործակցել այլ երկրների հետ շրջափակման պայմաններում եւ միաժամանակ ինտեգրվել եվրոպական շուկա, այդպես էլ պարզ չդարձավ:

Պարոն Մասմանիդիսը, բավական միամիտ ձեւով կրկնեց, որ այդ խնդիրներն իրենց կազմակերպությանը չեն վերաբերում եւ գործարարներն իրենք պետք է որոշեն, թե իրենց բեռնատարերը որ ճանապարհներով պետք է գնան:

Սեւծովյան համագործակցության գործարար խորհրդի աշխատանքի կոնկրետ Հայաստանին վերաբերող գործնական արդյունքն այն է, որ նախորդ հանդիպումների ժամանակ պայմանագիր է ստորագրվել: Այդ պայմանագրի համաձայն մոտ ժամանակներս Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատը կսկսի համագործակցել Մոսկվայի առեւտրի դեպարտամենտի հետ եւ կսկսի արտահանել հայկական ապրանքներ, մասնավորապես` գյուղմթերքներ: