Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մշակութային օրագիր

Մշակույթ

Մայիս-հունիս ամիսներին Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի կազմակերպած «Տարվա նախագիծ և կառույց 2008» մրցույթը մոտենում է ավարտին:

Տնօրեն Աշոտ Գրիգորյանն ասաց, որ մրցույթի վերջնական արդյունքները դեռ պարզ չեն. «Ժյուրին դեռ աշխատում է....»:
Մրցույթին, տնօրենի խոսքերով, ներկայացված է 18 հեղինակային խումբ` այդ թվում 1 ֆիլմ, 1 գիրք ու «Ճարտարապետություն և շինարարություն» ամսագիրը:

Բուլղարական շաբաթ

Հայաստանում բուլղարական մշակույթի տարվա շրջանակներում մայիսի 29-ից հունիսի 4-ը ելույթ կունենան Բուլղարիայի ազգագրական և դասական արվեստի հանրահայտ խմբեր:

Նախագծի շրջանակներում Ճարտարապետների տանը մայիսի 30-ին բացվել է «Բուլղարիայի վանքերը և սրբավայրերը» խորագրով լուսանկարչական ցուցահանդես: Նույն օրը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել գալա համերգ: Մարզերի մի շարք քաղաքներում ելույթ են ունեցել «Արաբեսկ» բալետային խումբը, «Սոֆիայի մենակատարներ» կամերային նվագախումբը, «Բիստրիցայի տատիկները» ազգագրական համույթն ու «Նայդեն Կիրով» ազգագրական պարի թատրոնը:

Միջոցառումների շարքը եզրափակվեց երեկ `Երևանի Հ. Պարոնյանի անվ. կոմեդիայի պետական թատրոնում` «Արաբեսկ» բալետային խմբի և «Սոֆիայի մենակատարներ» կամերային նվագախմբի ելույթով:

Վարդատոն

Թբիլիսիի` նախկինում «Թուրքի մեյդան» կոչվող հրապարակում հունիսի 7-ին կբացվի Սայաթ-Նովայի հուշարձանը, որի հեղինակը վրացի է:
Այդ պատճառով է, որ Վարդատոնը «Սայաթ-Նովա» աշուղական երգի համույթը այս տարի կնշի մեկ ամիս ուշացումով:

Վարդատոնը ավանդաբար նշվում է մայիսի վերջին կիրակի օրը` Թբիլիսիի հայոց աթոռանիստ Սուրբ Գևորգ եկեղեցու բակում, Սայաթ-Նովայի գերեզմանի մոտ:

Մեկնման նախաձեռնությունը պատկանում է «Սայաթ-Նովա» համույթին և ՀՀ մշակույթի նախարարությանը: Ջիվանու անվան աշուղական դպրոցի «Սայաթ-Նովա» համույթի հետ բացմանը կմեկնեն նաև երիտասարդ աշուղներ և մտավորականներ: