Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստորագրել են առաջին տիկիններն ու ոստիկանները

Քաղաքականություն

Թեղուտի պաշտպանության խմբի նախաձեռնած ստորագրահավաքին ի թիվս տարբեր քաղաքացիների, միացել են նաեւ ՀՀ առաջին  եւ նախկին առաջին տիկինները' Ռիտա Սարգսյանը ե Բելլա Քոչարյանը: "Փրկենք Թեղուտը" շարժման ակտիվիստներից Մարիամ Սուխուդյանը "Ա1+"-ին հայտնեց, որ երեկ "Հաղթանակի" զբոսայգում կազմակերպած միջոցառման ժամանակ իրենք մոտեցել են առաջին տիկիններին եւ առաջարկել միանալ ստորագրահավաքին:

"Տիկին Բելլան կոնկրետ Թեղուտի մասին չէր հիշում, պարզաբանումից հետո ասաց' "շատ լավ" ու ստորագրեց, իսկ տիկին Ռիտան ասաց. "պղինձ, մոլիբդեն, Թեղուտի պաշտպանության համա՞ր է" ու ստորագրեցին",-ասաց Մարիամ Սուխուդյանը եւ ավելացրեց, որ չգիտի' ինչքանով հետամուտ կլինեն այս հարցում առաջին տիկինները, բայց հույս ունի, որ գոնե տանը այդ մասին կխոսեն:

Շարժման ակտիվիստները "Ա1+"-ին պատմեցին, որ ստորագրահավաքին միացել են նաեւ երգչուհիներ ու դերասաններ, որոնց մեջ են Շուշան Պետրոսյանը, Արսեն Գրիգորյանը, Լուիզա Ներսիսյանը, Լեյլա Սարիբեկյանը եւ այլոք: Նշենք, որ ներկայացված բաց նամակի բովանդակությունը այն է, որ ստորագրող անձիք համաձայն են' Թեղուտի հանքավայրի շահագործումը անթույլատրելի եւ վերջինիս բնապահպանական, հասարակական ու տնտեսական կորուստների աղբյուր լինելու հարցում:

"Ստորագրողների մեջ կան նաեւ կարմիր բերետավորներ ու նույն այն ոստիկանները, ովքեր մի քանի անգամ փորձեցին ստորագրահավաքը կասեցնել: Հրամանով, թե ինքնակամ ստորագրեցին, չգիտեմ: Ամեն դեպքում բացատրեցինք, որ մեր երեխաների համար է, գոնե մի բան մեզ միավորի",-պատմեց Մարիամ Սուխուդյանը եւ նշեց, որ այս պահի դրությամբ մոտ 5000 ստորագրություններ իրենք արդեն հավաքել են:

"Էկոդար" ՀԿ նախագահ Հրայր Սավզյանն էլ "Ա1+"-ին հայտնեց, որ առաջիկա օրերին Թեղուտի պաշտպանության խումբը միավորող տարբեր ՀԿ-ները կդիմեն դատարան' Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի համար հաստատված բոլոր վարչական ակտերը անվավեր ճանաչելու համար: ՀՀ վարչապետի հետ քննարկումից, ծրագրի վարկավորումը ապահովող ՎՏԲ բանկին ուղղված նամակներից ու բազմաթիվ ակցիաներից հետո խումբը որոշել է այլեւս դատական կարգովհարցի լուծում ստանալ եւ Հրայր Սավզյանը նշում է, որ պատրաստ են հարցը վիճարկել ընդհուպ մինչեւ միջազգային ատյաններ:

Նշենք, որ հունիսի 5-ին շրջակա միջավայրի պաշտպանության միջազգային օրն է եւ շարժման ակտիվիստները պատրաստվում են ակցիա կազմակերպել, որը կմեկնարկի Կոմիտասի արձանի մոտից: