Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սա մեր քաղաքն է»

Քաղաքականություն

«Ազատություն», «Հաղթանակ» վանկարկումներով այսօր Հայ Ազգային Կոնգրեսը շրջեց Երեւանի կենտրոնում եւ ավարտեց Երեւանի քաղաքապետի ընտրությունների իր քարոզարշավը:

Դժվար է ասել` երթի մասնակիցների տրամադրությունն ու ոգեւորությունն էր բարձր, թե Կոնգրեսի առաջնորդների, սակայն ամբողջ քարոզարշավի ընթացքում Կոնգրեսի առաջնորդներն երբեւէ նման բարձր տրամադրությամբ չէին առաջնորդել երթը:

Երթի ընթացքում նրանք ստիպված էին լինում պարբերաբար կանգ առնել եւ ողջունել բարձրահարկերի պատշգամբներից եւ մեքենաներից իրենց ողջունող քաղաքացիներին: «Այսօր Հայաստանում որեւէ ուժ չի կարող ասել, որ այսքան համակիր ունի, որ ժողովուրդը իրեն վստահում է այնպես, ինչպես ընդդիմության առաջնորդներին: Մեզ որեւէ մեկը չի ստիպում մարզերից հասնել Երեւան: Մենք գալիս ենք մեծ դժվարություններով, ճանապարհները փակում են մեր առաջ, սակայն մեզ ընկճել չեն կարող»,- «Ա1+»-ին ասաց առավոտյան Վանաձորից դուրս եկած եւ միայն Կոնգրեսի երթին Երեւան հասած 54- ամյա Անուշավան Մանուկյանը:
Այսօրվա ՀԱԿ-ի հանրահավաքին եւ երթին մասնակցողները հիմնականում երեւանցիներն էին:

«Նրանք, ովքեր այսօր նստում են իրենց տներում, վաղը բողոքելու իրավունք չեն ունենալու: Ես իմ մասին չեմ մտածում, ես մտածում իմ եւ մեր բոլորի երեխաների համար եւ տանը նստել չեմ կարող: Ես իմ երեխանների ապագան վստահում եմ Տեր-Պետրոսյանին, վստահում եմ Ստեփան Դեմիրճյանին: Այսօրվա իշխանությունները որեւէ կապ չունեն Երեւանի հետ: Նրանք եկած օրից ավիրում են մեր քաղաքը: Իմ սիրտը ցավում է, երբ նայում եմ Երեւանին»,- «Ա1+»-ին ասաց 46-ամյա Մարինե Ստեփանյանը:

Այսօր ՀԱԿ-ի երթի մասնակիցների շարքերում մեծամասնություն էին կազմում երիտասարդները, որոնք իրենց վանկարկումներով, ողջույններով, ծափերով ու ոտքերի դոփյուններով մեծ ոգեւորություն եւ լիցք էին հաղորդում իրենցից մեծերին: «Սա մեր քաղաքն է: Եթե նույնիսկ ընդդիմությունը որոշի դադարեցնել պայքարը, երիտասարդների մեջ կա մի խումբ, որը տուն չի գնա այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք զգա, որ մեր երկիրն իսկապես ազատ է, որ մենք ազատ եւ անկախ մարդիկ ենք»,- «Ա1+»-ին ասաց 21- ամյա Արտակ Սիմոնյանը:
Ի դեպ, Կոնգրեսի երթն այսօր ավարտվեց Մյասնիկյանի արձանի մոտ: Խորենացու փողոցից Մյասնիկյանի արձանի մոտ քայլելիս Կոնգրեսի համակիրները դադարեցրեցին վանկարկումները եւ բռունցքները բարձրացրած լուռ քայլեցին` հարգելով մարտի 1-ի անմեղ զոհերի հիշատակը: Մյասնիկյանի արձանի մոտ Կոնգրեսի առաջնորդները հրաժեշտ տվեցին իրենց համակիրներին` մաղթելով մայիսի 31-ին նույն բարձր տրամադրությամբ գնալ ընտրության` վստահ լինելով, որ արձանագրելու են իրենց հաղթանակը: