Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զինվորականները կմասնակցեն ընտրություններին

Քաղաքականություն

«Բոլոր զինվորականները, որոնք երեւանցի են, եւ ծառայում են սահմանամերձ գոտիներում, ընտրություններին չեն մասնակցի»,-«Ա1+»-ի հետ զրույցում վստահեցրեց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովը:

Փոխարենը տեղեկացրեց, որ կերաշխավորվի այն սպաների քվեարկությունը Երեւանում, որոնք վերջերս են մեկնել ծառայության  այլ քաղաքներ, ասենք Գորիս, բայց դեռ չեն գրանցվել. «Այդիպիսի սպաներին մենք կերաշխավորենք, որ գան Երեւան եւ մասնակցեն ընտրություններին եւ վերադառնան իրենց ծառայությանը: Բայց դա կտեւի միայն մեկ օր' մայիսի 30-ին կգան, 31-ին կգնան»: Իսկ այն զինվորականների մասնակցությունը ընտրություններին, որոնք ծառայում են Երեւանում, բայց գրանցում չունեն,  Խաչատուրովը բացառեց:

Պատասխանելով «Ա1+»-ի հարցին, թե բանակի զորքերը մարտի 1-ին Երեւան մտցնելու հրահանգ ումի՞ց է ստացել' Յուրի Խաչատուրովը նախ հանկարծակիի եկավ մարտի 1-ի մասին հարց լսելով, ապա հիշելով պաշտոնական վարկածն ասաց, որ զորքը Երեւան մտել է արտակարգ դրություն հայտարարելուց հետո:

«Արտակարգ դրություն հայտարարելուց հետո հրահանգ եղավ մոտակա զորամասերից զինվորականներ բերել հատուկ շենքերի, շինությունների պահպանությունն ապահովելու համար' խորհրդարան, կառավարություն եւ այլն»,-ասաց նա:

Նկատենք, որ ոչ թե մոտակա, այլ անգամ սահմանամերձ զորամասերից զինվորականներ էին բերվել Երեւան, ինչի մասին փաստել է Հայ ազգայի կոնգրեսը: 

Իսկ մեր դիտարկմանը, թե ցերեկային ժամերին կառավարության շենքի ետեւում եւ քաղաքի կենտրոնի տարբեր հատվածներում զինվորականներ կային, նա պնդեց, որ ոստիկանությունն ուղղակի ավտոբուսներ եւ մեքենաներ էր խնդրել եւ իրենք միայն այդ են ապահովել: