Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կան զոհեր (տեսանյութ)

Հասարակություն

Ժամը 20:00-ի դրությամբ`"Նաիրիտում" բռնկված հրդեհի հետեւանքով կա 3 զոհ եւ
2 վիրավոր: Այդ մասին "Ա1+"-ին հայտնեց Շտապ օգնության ծառայության օպերատիվ բաժնի ավագ բժշկուհի Էլմիրա Գեւորգյանը:

Տուժածների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են:
Իսկ այս պահին «Նաիրիտ» գործարանի հրդեհվող արտադրամասում կրակը դեռ հանգցված չէ եւ հրշեջները դեռ շարունակում են աշխատանքները: Բագրատունյաց պողոտան փակված է, սակայն «Գործարանայինի» կամուրջի մոտ մեքենաների եւ մարդկանց հսկայական կուտակումներ են: «Նաիրիտի» աշխատակիցների ընտանիքի անդամներն ու բարեկամները հրդեհվող գործարանի կողմից եկող բոլոր մարդկանց հարցնում են իրենց հարազատների մասին:

Անհանգիստ է նաեւ գործարանի մուտքի մոտ, որտեղ ոստիկանության եւ անվտանգության աշխատակիցները խիստ հսկողության են սահմանել եւ գործարանից ներս ու դուրս անել չեն թողնում: «Ա1+»-ին ականատես անցորդները պատմեցին, որ 2 պայթյուն է տեղի ունեցել եւ իրարանցում է եղել:

«Բոլորը տեսան, որ պայթուն էր, մեքենան ցնցվեց, ապակիները կոտրվեցին թափվեցին մեզ վրա: Բարձր աղմուկ էր, շատ բարձր աղմուկ էր, դմբոց էր, կրակ, իրար կորցրել էին, բան չէին հասկանում»,-պատմեց ականատեսներից 14 ամյա Մհերը:

«Առաջին պայթյունը ուժեղ էր, հետո թույլ պայթյուն եղավ, դիմացից մեծ երկաթներ պոկվեցին, թռան, կպան դիմացի շենքին: Արյուն էր, մի տղա մեքենա էր փնտրում, հետո երբ խուճապը անցավ, արդեն ոչինչ չիմացանք: Առաջին շտապ օգնության 2 մեքենաները շուտ եկան, գնացին: Հետո նորից եկան»,-պատմեց ականատեսներից տիկին Անահիտը, ով գործարանի դիմացի մայթին գտնվող ավտոտեխսպասարկման կենտտրոնում է աշխատում:

Գործարանի աշխատակիցներից մեկն էլ, ով աշխատանքի ժամի ավարտից հետո դուրս էր եկել եւ րոպեներ անց լսվել էր պայթյունը, զանգում էր իր ընկերներին ներսում գտնվող եւ չէր կարողանում միանալ:

«Բոլոր բլոկները շաղկապված են: Մենակ գիտեմ, որ 1/12 արտադրամասն է վառվում, էնտեղ են իմ ընկերները»,-պատմեց նա ու շտապեց բանակցել անվտանգության աշխատակիցների հետ, որ իրեն ներս թողնեն:

«Ա1+»-ը հետաքրքրվեց նաեւ պայթյունի հավանական հետեւանքների մասին եւ «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ի ղեկավար Կարինե Դանիելյանը ասաց. "Եթե «Նաիրիտ»-ի քլորոպրենային կաուչուկի արտադրամասն է հիմա այրվում, ապա սովորաբար քլորն է պայթում, որը օդում տոքսիններ է առաջացնում: Դրանք, նրա վստահեցմամբ` թունավոր են օրգանիզմի համար; Այդ պատճառով մոտակայքում ապրող մարդիկ պետք է աշխատեն լուսամուտները փակ պահեն, որպեսզի դրսից այդ օդը չգա ներս: «Ես հիմա այլ բան չեմ կարող պատկերացնել»:

Նրա ասելով` ցավոք, հիմա էկոլոգիական մոնիտորինգ քաղաքում չի անցկացվում: Մինչդեռ, ըստ նրա` Օպերատիվ մոնիտորինգի կենտրոնը հիմա պետք է այնտեղ չափումներ աներ» «Սակայն հիմա չգիտեմ դրա հնարավորությունը նա ունի՞, թե ոչ, քանի որ այդ չափումները վաղուց դադարեցվել են».- ընդգծեց տիկին Դանիելյանը` ավելացնելով, որ եթե «Նաիրիտը» գործելու է, ապա գոնե ինչ-որ շառավիղով այդ տարածքից թե բնակիչները, թե առավել եւս դպրոցներն ու հիվանդանոցները դուրս պետք է բերվեն: Դրա փոխարեն, ըստ նրա` պետք է հսկայական սանիտարական, կանաչապատ գոտի ստեղծվի: