Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԵ~Ր ՀԱՅԱՍՏԱՆ, ՄԵ~Ր ԵՎՐՈՊԱ

Տնտեսություն

Հայ-գերմանական միջկառավարական եռօրյա բանակցություններից հետո երկու երկրների ներկայացուցիչները ստորագրեցին արդյունքների վերաբերյալ Արձանագրությունը, ինչպես նաեւ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ծրագրի» ֆինանսավորման համաձայնագիրը, որի շրջանակներում գերմանական Վերականգնման վարկերի բանկը ՀՀ կառավարությանը կտրամադրի 2,25 մլն եվրո դրամաշնորհ:

ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը տեղեկացրեց, որ գերմանական կողմը Հայաստանին տրամադրում է 2,5 մլն եվրո դրամաշնորհ եւ 15 մլն եվրո վարկ` 40 տարի ժամկետով, 0,75 տոկոսադրույքով:

Վերջինս մանրամասն ներկայացրեց, թե ինչպես են օգտագործվելու այդ գումարները: 4 մլն եվրո հատկացվելու է Հայաստանում ավանդների ապահովագրման ինստիտուտի ներդրման, 16,5 մլն` հյուսիսային շրջանների 24-ժամյա ջրամատակարարումը վերականգնելու եւ «ջրահեռացման լավագույն համակարգ ստեղծելու համար», ինչպես նաեւ գումարներ են հատկացվելու փոքր եւ միջին բիզնեսի զարգացման,տեխնիկական համագործակցության եւ այլնի համար:

Գերմանական պատվիրակության ղեկավար, ԳԴՀ-ի Տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարության Եվրասիայի դեպարտամենտի տնօրեն Ռայներ Գյոդելերը այս բանակցությունների արդյունքը գնահատեցայսպես.«Այն եզրափակիչ գիծը, որ սկսվել է տարիներ առաջ»:
Պարոն Գյոդելերը վարկերի տրամադրումը կարեւորում է հատկապես նրա համար, որ Հայաստանում «աշխատատեղեր են ստեղծվում»:

Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը առիթը բաց չթողեց գերմանացիների մոտ պարծենալու: «Ի գիտություն բոլոր վատատես լրատվամիջոցների»` պարոն Խաչատրյանը հայտարարեց, որ Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատել է Հայաստանի ծրագրերը, ՀԲ-ն տրամադրել է SAC-ի մասնաբաժինը, մինչեւ մայիս բոլոր պարտքերը կմարվեն: «Հայաստանի տնտեսությունը միջազգային, եվրոպական չափանիշներին լիովին համապատասխանում է»,- եզրակացրել է Վարդան Խաչատրյանը:

Գերմանացի հյուրերը, որպես իսկական եվրոպացիներ, կարողացան զսպել իրենց ծիծաղը: