Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սփյուռքահայն ավելին է, քան Երեւանի քուչեքում մեծացածը» (տեսանյութ)

Հարցազրույց

Ընտրողների հետ հանդիպումից հետո զրուցեցինք ՀՅԴ բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ:

-Կարծում եք ՀՅԴ-ին կհաջողվի՞ ստանալ Երեւանի քաղաքապետի պաշտոնը, եւ զրկել Երեւանի այսօրվա «տերերին» իրենց լծակներից ու հնարավորություններից:

-Բնական է, որ դիմադրությունը լինելու է բավականին կոշտ, բայց միեւնույն ժամանակ, եթե մեր ժողովուրդն այնուամենայնիվ թոթափի այդ «հեղինակությունների» հեղինակությունը, նրանց կողմից ուղղակի մեր երեւանցիներիս վրա դրված լուծը, ապա շատ արագ, շաբաթների ընթացքում կարող է շրջադարձ տեղի ունենալ. իրենք չեն պատկերացնում, թե սա ինչով կարող է վերջանալ, պարզապես պետք է վստահել սեփական ուժերին եւ չվախենալ. այդքան ամենազոր չեն թաղային հեղինակությունները, կամ նրանց հովանավորները:

-Իսկ ինչպե՞ս եք վերաբերում այն խոսակցություններին, որ ձեր ցուցակը գլխավորող Արծվիկ Մինասյանը երեւանցի չի:

-Իսկ Երեւանում ո՞վ է երեւանցի: Դրանք պրիմիտիվ շահարկումներ են, որովհետեւ հարց է առաջանում, իսկ ով է ընդհանրապես այս քաղաքում երեւանցի. 56 հազար բնակչություն ուներ այս քաղաքը առաջին հանրապետության տարիներին, հիմա մեկ միլիոնից ավելի է, որտեղի՞ց այդ բնակչությունը' գյուղերից են եկել, այսինքն, շահարկել երեւանցի լինելը կարծում եմ արդարացված չի, մանավանդ այն հին երեւանցիները, ում մենք իսկապես որպես երեւանցի նկատի ունենք, այս նոր երեւանցիների ձեռքից թողել գնացել են Գլենդել ու Մոսկվա. այնպես չի, որ այդ հին երեւանցիները շատ մեծ զանգված են կազմում, ցավոք սրտի, մեր քաղաքում, բայց մեր խնդիրը հենց նոր երեւանցի ստեղծելն է, նորովի սիրելը նորովի անկախ երկրի մայրաքաղաք դարձած քաղաքը: Այնպես որ սա պրիմիտիվ շահարկում է, որ չեմ կարծում տեղ հասնի: Եվ, իմիջիայլոց, դա շահարկողները պիտի հասկանան, որ Արծվիկ Մինասյանի նկատմամբ գյուղացի երեւանաբնակների մոտ մեծ սիմպատիա են առաջացնում: Սա շահարկելը ուղղակի զավեշտ է,

-Երեւանի խնդիրները լուծելու համար բնիկ երեւանցի լինելը պարտադի՞ր է:

-Ես կասեմ, որ բացարձակապես, որովհետև այս մի քաղաքն ունենք մենք, եւ իսկապես պատկանում է բոլորին' եւ Տավուշի, եւ սփյուռքի, եւ Մեղրիի, եւ Ղարաբաղի բնակիչներին, Ղարաբաղի բնակիչներին կարծես թե ավելի շատ էս վերջերս, եւ ջավախցիների, այսինքն, բոլորիս մայրաքաղաքն է:

-Ձեր ցուցակում Երեւանի ավագանու թեկնածուների մեջ կան նաեւ սփյուռքահայեր: Կարծում եք' նրանք կարո՞ղ են խորապես ընկալել Երեւանի խնդիրներն ու լուծել դրանք:

-Վստահ եմ, որ լավ մասնագետ սփյուռքահայը Երեւանի համար շատ ավելին կարող է անել, քան կուրծքը ծեծող Երեւանի քուչեքում մեծացած որոշ կերպարներ:

Զրուցեց Դիանա Մարկոսյանը