Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Համզաչիմանցին կձեւավորի Երեւանի իշխանությունը»

Քաղաքականություն

«Փետրվարի 19-ի ՀՀ նախագահի ընտրություններում հազարավոր մարդիկ քվեարկել են ոչ իրենց բնակության վայրում»,- համոզված է «Հանրապետություն» կուսակցության անդամ, ՀԱԿ-ի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը: Ընտրությունները կեղծելու այս միջոցը վերացնելու համար' այսօր ՍԴ-ում ՀԱԿ-ը վիճարկում էր ԸՕ-ի 10 հոդվածի 3-րդ մասը: Պատասխանող կողմը ԱԺ ներկայացուցիչ Աշոտ Խաչատրյանն էր:

ՀԱԿ-ն այսօր միջնորդություն ներկայացրեց իր դիմումը քննարկել բանավոր ընթացակարգով եւ որպես վկաներ հրավիրել Երեւան քաղաքի բոլոր համայնքների ղեկավարներին եւ ոստիկանության բաժինների պետերին:

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը ՀԱԿ-ի ներկայացուցիչներին հայտնեց, որ ՍԴ-ն դիմումները քննարկում են գրավոր ընթաացակարգով եւ բանավորի անցնելու դեպքում խառնաշփոթ կստեղծվի:

ՍԴ-ն անցավ խորհրդակցական սենյակ' որոշում կայացնելու:

Վիճարկվող պարբերությունը սահմանում է, որ համայնքի ընտրողների ցուցակում ընդգրկվում են ընտրելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք, ինչպես նաեւ այդ համայնքում բնակվող եւ այլ վայրում հաշվառում չունեցողները: «ԿԸՀ-ն ասել է, որ ցանկացած մեկը կարող է մասնակցել Երևանի ՏԻՄ ձեւավորմանը' հենց գա եւ հաշվառվի: ԿԸՀ-ի այս որոշումը մենք բողոքարկեցին Վարչական դատարանում' նշելով, այդ քաղաքացին առնվազն մեկ տարվա հաշվառում ունենա Երեւանում»,- մինչ ՍԴ հասնել իրենց գործողություններն «Ա1+»-ին ներկայացրեց պարոն Զեյնալյանը: Վարչական դատարանը մերժել է ՀԱԿ-ի բողոքը'հաստատելով, որ յուրաքանչյուր քաղաքացի' անկախ այն հանգամանքից Երեւանոմ հաշվառված է, թե ոչ, կարող է մասնակցել Երեւանի իշխանությունների ձեւավորմանը. «Այսինքն Համզաչիմանի բնակիչը կարող է մասնակցել Երեւանի ՏԻՄ ընտրություններին: Մենք դիմել ենք ՍԴ, քանի որ ԸՕ-ի 10-րդ հոդվածի 3-րդ մասը հակասում է ՏԻՄ իրավունքի սահմանադրականությանը»:

«Ա1+»-ը զրուցեց նաեւ պատասխանող կողմի' ԱԺ ներկայացուցչի հետ: «Ես գտնում եմ, որ ՀԱԿ-ի դիմումը ոչ հիմնավոր է: ԸՕ-ի 10-րդ հոդված 3-րդ մասը չի հակասում ՀՀ Սահմանադրությանը, դեռ ավելին' ՀՀ քաղաքացին իր սահմանադրական իրավունքն իրացնելու հնարավորություն է ստացել»:

Չե՞ք կարծում, որ նույն քաղաքացին կարող է մի քանի անգամ հաշվառվել եւ մի քանի անգամ մասնակցել ընտրություններին' մեր հարցին' պարոն Խաչատրյանն ասաց. «Մեր երկրում չի խրախուսվում առանց հաշվառման ապրելը: Դեռ ավելին' վարչական պատասխանատվություն է նախատեսված այն անձանց համար, ովքեր բնակվում են առանց հաշվառման»: Ըստ Աշոտ Խաչատրյանի' ընտրողների ռեգիստրը պետք է պատասխանատվություն կրի ՀՀ քաղաքացու մի քանի վայրում հաշվառված լինելու համար: