• Հեղինե Բիշարյանը’ մերօրյա Նո՞յ (տեսանյութ)

    “Օրինաց երկիր” կուսակցության ներկայացուցիչների հանդիպումը Դավիթաշեն համայնքում անցավ հորդ անձրեւի տակ:

    Կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Հեղինե Բիշարյանը անձրեւանոցների տակ պատսպարված ներկաներին կոչ արեց չընկճվել’ ասելով, որ անձրեւը առատության նշան է, եւ ՕԵԿ-ը անձրեւի պես առատ ձայներ է ունենալու: Ապա ուղղելով իր խոսքը դավիթաշենցիներին’ նա ասաց, որ ՕԵԿ-ը Երեւանը մի բնակարանի պես մաքուր կդարձնի:

    “Մենք ուզում ենք, որ Երեւանի բոլոր համայնքները լինեն հավասարաչափ զարգացած եւ երեւանցին իրեն երեւանցի զգա ոչ միայն կենտրոնում, այլ տարբեր համայքներում”,-ասաց նա:

    Հեղինե Բիշարյանը խոսեց նաեւ մրցունակ Երեւան ունենալու իրենց ծրագրի մասին, որը հնարավորություն կտա իրականացնել ուսանողական երկարաժամկետ վարկերի ծրագիրը եւ կրթական բարձր մակարդակ կապահովի բոլոր երեւանցիների համար: Ապա որպես դավիթաշենցիների խնդիրների արագ լուծման երաշխիք նա ներկայացրեց ՕԵԿ-ական 5 ավագանու թեկնածուների, որոնք նաեւ Դավիթաշենի բնակիչներ են:

    Հեղինե Բիշարյանից հետո ելույթ ունեցավ տնտեսագիտության դոկտոր Գրիգորի Վահանյանը, ով կուսակցության համամասնական ցուցակում երրորդն է: Նա առաջարկող ծրագրից բացի խոսեց նաեւ կուսակցական փիլիսոփայությունից:

    “Պատկերացրեք աշխարհը փոքրանում է, դառնում է Հայաստան, Հայաստանը’Երեւան, Երեւանը’ Դավիթաշեն: Պատկերացրեք մենք Նոյան տապանում ենք: Հարց եմ տալիս, Նոյան տապանում որեւէ արքա կա՞ր, որեւէ օլիգարխ կա՞ր: Նոյան տապանում եղել է Նոյը: Նոյան տապանում եղել են տարբեր կենդանիներ: Այսօր Նոյը Հեղինե Բիշարյանն է”,-ասաց նա, հետո խոսափողը փոխանցեց ՕԵԿ-ական ավագանու թեկնածու Պապին Թոփյանին:

    «Ա1+»-ը խոսեց նաեւ հանդիպմանը մասնակցող մարդկանց հետ, որոնց մեջ մեծ թիվ էին կազմում կուսակցականները: Շատերն էին կիսվում իրենց կանխատեումներով, բայց վերջում խնդրում էին իրենց խոսքերը չօգտագործել նյութում: Կային նաեւ ավագ դպրոցի դպրոցականներ, որոնք նշում էին, որ հետաքրքրությունից դրդված են եկել եւ ոչ ոքին չեն ճանաչում:

  •