Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԱՐՅՈՒՆ ՊԵՏՔ ՉԻ՞

Քաղաքականություն

Այսօր ԱԺ-ում տապալվեց «Խոշոր ձեռնարկությունների մասնավորեցման մասին» ՀՀ օրենքի նախագծի երկրորդ ընթերցման քվեարկությունը: Այս օրինագծի քվեարկությունը ԱԺ եռօրյային էր հասել արտահերթ նիստից:

Քվեարկությունից առաջ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահը հայտարարեց, որ կառավարությունն ԱԺ է բերել երեք անգամ մերժված օրինագիծ եւ ուզում է մի քվեարկությամբ ընդունել տալ: Պարոն Բաղդասարյանը թվարկեց առողջապահական այն հիմնարկները, որոնք պետք է այս օրինագծով մասնավորեցվեին` Երեւանի հոգեբուժական կենտրոնը, ուռուցքաբանության ինստիտուտը եւ Յոլյանի անվան արյան փոխներարկման ինստիտուտը:

«Սա այն օրինագիծն է, որտեղ ոչ թե կառավարության, այլ մի պատգամավորի առաջարկությամբ պետական հիմնարկ մտցրին սեփականաշնորհվող օբյեկտների ցանկ»,- նշեց պատգամավոր Վարդան Բոստանջյանը:

Նա հետաքրքրվեց` այդ հիմնարկը կա այս քվեարկվող օբյեկտների ցանկում: «Կա»,-ասաց Արմեն Խաչատրյանը:

Ավելի ուշ պարոն Բոստանջյանը տեղեկացրեց, որ այդ հիմնարկն արյան փոխներարկման ինստիտուտն է: Այլ աղբյուրներից տեղեկացանք, որ պարոն Բոստանջյանի մատնանշած պատգամավորը մասնագիտությամբ բժիշկ Արտակ Գրիգորյանն է:

Քվեարկությունից առաջ «Օրինաց երկիրը» խնդրեց 20 րոպե ընդմիջում: Ընդմիջմանը «Ժողովրդի ձայն» խմբի ղեկավար Գրիգոր Հարությունյանը նկատեց, որ արյան փոխներարկման ինստիտուտը մասնավորեցնելու մտադրությունն անգամ ամոթ է. «ՍՊԻԴ-ի մասին էսքան խոսում եք, միակ ձեռնարկությունն է, որ պետք է լուրջ պետական հսկողության տակ լինի, ԱԱ նախարարության հսկողության տակ պետք է լինի, եթե ուզում եք իմանալ»:

Ընդմիջումից հետո ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը ԱԺ-ում չգտնվող կառավարության ներկայացուցչին առաջարկեց քվեարկությունը հետաձգել. «Դեռ 2 օր ունենք, միգուցե ավելի լավ լուծումներ գտնվեն»: Միաժամանակ պարոն Թորոսյանը չբացառեց, որ առողջապահական այդ հիմնարկների մասնավորեցման օրինագծի քվեարկությունը կարելի է անել այս եռօրյայի ընթացքում:

«Ազգային Միաբանության» ներկայացուցիչ Գագիկ Թադեւոսյանը միացավ Տիգրան Թորոսյանի առաջարկին, քանի որ «այս օրինագիծն արտահերթով է բերվել»:

Պարոն Թադեւոսյանը վիրավորված էր, որ իր գլխավորած առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովն այս օրինագծի գլխադասային հանձնաժողով չի նշանակվել: «Հաստատ դիտավորություն կա, որ մեզ գլխադասային չնշանակեցին»,-ասաց պարոն Թադեւոսյանը:

Արթուր Բաղդասարյանը անմիջապես մոտեցավ 3-րդ բարձրախոսին. «Ես չգիտեմ` ինչու՞ եք ուզում քվեարկել ԱԺ լիազորությունների քվեարկությունից մեկ ամիս առաջ»:
«Հիմա չենք քվեարկի, կփորձենք օրինագծի վրա միասին աշխատել»,-ասաց Տիգրան Թորոսյանը:

Պատգամավոր Շավարշ Քոչարյանը զարմացած էր Տիգրան Թորոսյանի «ինքնագործունեությունից»: «Միայն կառավարությունն իրավունք ունի պահանջել քվեարկության հետաձգում, պարոն Թորոսյան, դուք ձեր վրա եք վերցրել կառավարության ներկայացուցչի լիազորությունը»,-դժգոհեց պարոն Քոչարյանը:
«Ոչ ցանկություն ունեմ, ոչ էլ կարող եմ»,-պատասխանեց Տիգրան Թորոսյանը:

Նա տեղեկացրեց, որ անձամբ Անդրանիկ Մարգարյանն է զանգել եւ ասել, որ «քվեարկությունը կարող եք հետաձգել»:

Ի վերջո այսօր այս օրինագիծն այդպես էլ չքվեարկվեց:

Հ.Գ-Մինչեւ առաջին մեծ ընդմիջում ԱԺ պատգամավորները այսօր քսանրոպեանոց 3 ընդմիջում խնդրեցին ԱԺ նախագահից: Վերջինս անվերապահորեն բավարարեց բոլոր 3 խնդրանքները: