Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական պարարվեստը հետնորդներ ունի՞

Մշակույթ

«Ոչ պրոֆեսիոնալը խառնվել է պրոֆեսիոնալին եւ ինքնագործունեությունը հիմա ավելի շատ է իշխում, քան պրոֆեսիոնալը»,- «Ա1+»-ին պարարվեստի այսօրվա վիճակի մասին նման կարծիք հայտնեց Պարարվեստի ուսումնարանի տնօրեն Հովհաննես Դիվանյանը:

Այսօր պարի միջազգային օրն է, որը նշում են 1982 թ.-ից: Այն հաստատվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պարի միջազգային խորհրդի կողմից' ի պատիվ ֆրանսիացի անվանի պարող եւ բալետմեյստեր Ժան Ջորջ Նովերի: Օրվա խորհրդին համահունչ զրուցեցինք պարարվեստի հայ մասնագետների հետ' իմանալու նրանց կարծիքը պարարվեստի ներկա վիճակի մասին:

Պարարվեստի ուսումնարանի տնօրեն Հովհաննես Դիվանյանը բացասաբար է վերաբերում մասնավոր պարուսույցներին: Ըստ նրա' այս պարուսույցները ավելի շատ շեղում են տաղանդավոր երեխաներին պրոֆեսիոնալ դառնալու իրական ճանապարհից: Հովհաննես Դիվանյանի խոսքերով' հիմա ամեն մի շենքի մուտքում մի պարի դպրոց են բացել ու մեծ թվով մարդկանց են հրավիրում պարի ուսուցման: «Ծնողները չեն հասկանում, որ պարարվեստի ուսումնարանը միակն է, որ կարող է կրթել պրոֆեսիոնալ պարողների»,- վստահեցնում է նա:

Ըստ այդմ' նա կոչ է անում ինքանգործունեությամբ զբաղվողներին «գալ պարարվեստի ուսումնարան եւ մեկ անգամ գոնե տեսնել, թե ինչ է պրոֆեսիոնալ բեմականությունը եւ պարի խմբակը»: «Բոլորն էլ ուզում են ապրել, բայց կան այնպիսի երեխաներ, որոնք ինքնագործունեությունը վերջացնելուց հետո գալիս են պարարվեստի ուսումնարան եւ ասում են, որ իրենք 18 տարի պարել են եւ ցանկանում են արդեն պրոֆեսիոնալ դառնալ: Սակայն, ցավոք, մենք նրանց մերժում ենք' ասելով, որ դրա համար արդեն շատ ուշ է. նրանց տարիքն այլեւս չի համապատասխանում եւ պարի սխալ կանոներ են սերտել»,- նշում է Հովհաննես Դիվանյանը:

Մայիսի 5-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Սպարտակ» բալետի պրեմիերան եւ հատուկ դրա համար Հայաստան է հրավիրվել աշխարհահռչակ պարուսույց Յուրի Գրիգարովիչը: Հովհաննես Դիվանյանը ուրախ է, որ հատկապես բալետի նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է, քանի որ բալետն ի վերջո երիտասարդների արվեստն է:

Պարարվեստի մեծ վարպետ, ՀՀ ժողովրդական արտիստ, 25 տարի Պարի պետական անսամբլի ղեկավար Վանուշ Խանամիրյանն էլ չի կիսում շատ մասնագետների այն կարծիքը, թե եթե հին պարողների սերունդը վերջանա, շարունակող չի լինի: «Ես այնքան սաներ ունեմ, որոնք սփռվել են աշխարհով մեկ' տարածելով հայկական պարը. շարունակությունները գնում ու գնում են»,- կարծում է նա' ավելացնելով, որ ժողովրդական պարողները դեռ ապրիլի 26-ին են նշել պարի միջազգային օրը:

Ըստ նրա' այսօր մոտ 1000 պարողներ եւ 50 պարի խմբի ղեկավարների նպատակն այն էր, որ բոլորը պարեին հայկական պարեր' հայկական տարազներով' ընդգծելով, որ չպետք է դիմել ոչ պրոֆեսիոնալ պարուսույցների, որոնք սխալ կրթություն են տալիս: