Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՉ ԳՐԱՔՆՆՈՒԹՅԱՆԸ

Քաղաքականություն

Լրագրողները չեն կարող համակերպվել, որ իրենց գործունեությունը կանոնակարգվի «Զանգվածային լրատվության մասին» հակաժողովրդական օրենքով: «Ոչ գրաքննությանը». այս կարգախոսով այսօր լրագրողները ԱԺ շենքի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել` օրենքի նախագիծը շրջանառությունից հանելու պահանջով:

Այն պահին, երբ ցուցարարները պագամավորներից պահանջում էին «դեմ չգնալ ժողովրդավարությանը», վերջիններս պատրաստվում էին քվեարկել «Զանգվածային լրատվության մասին» օրենքի նախագիծը: Մոտ երեք ժամ լրագրողները բողոքում էին ԱԺ շենքի` սկզբում` Բաղրամյան, ապա Դեմիրճյան մուտքի մոտ:
Այս ընթացքում պատգամավորներին չհաջողվեց օրինագիծը առաջին ընթերցմամբ ընդունել, որն, ըստ ցուցարարների, դառնալու էր թակարդ ԶԼՄ-ների համար:

ժամանակ առ ժամանակ շենքից դուրս եկող ընդդիմադիր պատգամավորները հավատացնում էին, որ ամեն կերպ բոյկոտելու են քվեարկությունը` ընդմիջում պահանջելով կամ քվորում չապահովելով: Նրանք, ովքեր կողմ էին այս օրինագծին` ԱԺ շենքից դուրս գալիս, միանշանակորեն արժանանում էին լրագրողների ամոթանքին:

«Ա-մոթ, ա-մոթ... Ոչ գրաքննությանը». վանկարկում էին լրագրողները, իսկ պատգամավորները մեկ-մեկու ետեւից` մեկը ծիծաղելով, մյուսը` զայրացած, դուրս էին գալիս շենքից` ճաշի ընդմիջման:

Այլեւս անօգուտ համարելով իրենց ներկայությունը Աժ շենքի մոտ, ցուցարարները որոշեցին ցրվել: «Ուժի մեջ են մեր առաջարկները, նախազգուշացումները: Օրենքը դեռ առաջին ընթերցմամբ է ընդունվում, դա դեռ վերջը չէ: Սակայն մենք վճռականորեն տրամադրված ենք, որ առաջին ընթերցմամբ էլ չանցնի: Եթե հանկարծ այսօր, այնուամենայնիվ, ընդունվի օրենքը, ապա վաղվանից մենք կսկսենք հակաքարոզչությունը: Բոլոր այն պատգամավորները , ովքեր կողմ կքվեարկեն այս խայտառակ նախագծին, նրանց նկատմամբ ժողովրդավարական ազատ մամուլը հակաքարոզչություն է տանելու` կոնկրետ ընտրատարածքներում մամուլի միջոցներով»,-հայտարարեց ՄԱԱ անդամ Վարդան Վարդանյանը:

Վճռականորեն տրամադրված լրագրողները վաղը կրկին բողոքի ակցիա կկազմակերպեն ԱԺ շենքի մոտ: