Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հարցը կմտնի՞ օրակարգ

Հարցազրույց

«ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանում Հայաստանի հարցը կքննարկվի»,-
համենայնդեպս այդպես է կարծում մեր պատվիրակության անդամ, ԲՀԿ-ական Ավետ Ադոնցը: Ըստ նրա` Մոնիտորինգի հանձնաժողովը նման որոշում կկայացնի Փարիզում կայանալիք առաջիկա իր նիստում: «Ա1+»-ը մի քանի հարց ուղղեց Ավետ Ադոնցին:

-Ինչո՞ւ եք համոզված, որ Հայաստանի հարցը կքննարկվի հունիսին:

-Ես այդպես կարծում եմ, քանի որ նման կարծիք հնչեց նաեւ Մոնիտորինգի հանձնաժողովի երեկվա նիստում: Վերջնական չէ, բայց հնչեց:

-Այսինքն` ԵԽԽՎ-ն ցանկություն կունենա անդրադառնալ Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների վիճակին Երեւանի քաղաքապետի մայիսյան ընտրությունների՞ց հետո:

-Որեւէ ձեւով չեմ կապում, որովհետեւ 1609, 1620 եւ 1643 բանաձեւերի կատարման հարցը որեւէ կապ չունի առաջիկա ընտրությունների հետ:

-Ձեր կարծիքով` մինչեւ հունիսյան նստաշրջան մարտի 1-ի քրեական գործով մեղադրվող ընդդիմության 7 ներկայացուցիչների նկատմամբ արդեն կայացված կլինե՞ն դատավճիռներ:

-Ամեն ինչ արվում է, որ գործընթացը արագանա: Տարբեր դատարաններում առանձին են քննվում գործերը, եւ նպատակը հենց այն է, որ ժամկետները եւ արդյունավետությունը բարձրանա:

-Իսկ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում խոսվե՞լ է դատաքննության ողջամիտ ժամկետների մասին:

-Որեւէ ժամկետի մասին չի խոսվել նիստում: Իսկ որոնք են ողջամիտ ժամկետները... (ավարտում է խոսքն ու թոթվում ուսերը-խմբ.):

Կարինե Ասատրյան
Ստրասբուրգ