Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ԸՆՏՐՈՂՆԵՐԻՆ

Քաղաքականություն

Մարտի 28-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը այցելեց Արցախի պետական համալսարան: Դա նրա նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո առաջին հանդիպումն էր ընտրողների հետ:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման, նա ասաց, որ Լեռնային Ղարաբաղը այսուհետ եւս ձգտելու է հասնել իր միջազգային ճանաչմանը: Դրա համար անհրաժեշտ է ապացուցել, որ ԼՂՀ-ն հանդիսանում է Եվրոպայի մաս ոչ միայն աշխարհագրական առումով, այլ, ինչն ամենակարեւորն է, նրա հասարակական-քաղաքական կյանքի կառուցվածքով: Դրա համար պետք է կազմավորվի գործուն եւ միաժամանակ կայուն քաղաքական դաշտ, որտեղ իրենց տեղը անպայմանորեն կգտնեն ընդդիմադիր ուժերը:

Խոսելով ԼՂՀ տնտեսության մասին, Արկադի Ղուկասյանը փաստեց առկա դրական փոփոխությունները` արդյունաբերական արտադրանքի ծավալը աճել է մոտավորապես 2 անգամ, իսկ գյուղատնտեսկան արտադրանքի ծավալը՝ 1,5 անգամ, տնտեսության մեջ կատարվել են արտաքին ներդրումներ 30 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով:

Պետության ղեկավարը նշել է, որ ավարտական փուլում է գտնվում ԼՂՀ դատա-իրավական համակարգի բարեփոխումը, որը համապատասխանեցվում է եվրոպական չափանիշներին:

Արկադի Ղուկասյանը վստահություն է հայտնել, որ ԱրՊՀ այսօրվա ուսանողները կդառնան բարձր որակյալ մասնագետներ եւ իրենց ստացած գիտելիքները կդնեն Արցախի հետագա զարգացման ու բարգավաճման, նրա անվտանգության ամրապնդման, ժողովրդի բարեկեցության բարելավման, ԼՂՀ միջազգային ճանաչման հասնելու գործում: