Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ղարաբաղի հարցը շուտով կլուծվի՞

Քաղաքականություն

Ղարաբաղյան հարցը մեկ ամսում չէ, բայց հույս ունենք, որ մի քանի ամսից կստանա լուծում,-այսօր Երեւանում հայտարարեց ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան:

«Ղարաբաղյան հարցում առաջընթացի ողջամիտ հույսեր կան»,- նկատեցին համանախագահները Երեւանում, Բաքվում, ապա նորից Երեւանում իրենց գտնվելու ընթացքում ստացած տպավորությամբ: Նրանք երկու կողմերի մոտ էլ նկատել են պատրաստակամություն' խնդրի արագ կարգավորման ուղղությամբ: Նաեւ ձեռք է բերվել համաձայնություն մայիսի 7-ին Պրահայում կայանալիք հանդիպման վերաբերյալ: «Պրահյան հանդիպումը ծայրաստիճան կարեւոր կարող է լինել»,- կանխատեսեց ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն, որը ընդհանրապես դրական գնահատեց երկու երկրների ղեկավարների նախկինում ունեցած երեք հանդիպումները եւս:

Պրահյան հանդիպման օրակարգում քննարկվելու են նախկինում չհամաձայնեցված մի շարք հարցեր. Իսկ բանակցային սեղանին լինելու են մադրիդյան առաջարկությունները' բացահայտեցին համանախագահները:

Ֆրանսիացի համանախագահը հատկապես ընդգծեց Ալիեւի կառուցողական դիրքորոշումը, եւ հիշեցրեց, որ Ռուսաստանում Իլհամ Ալիեւը աննախադեպ հայտարարություն արեց' ԼՂՀ ժողովրդի անվտանգության երաշխիքների եւ «ինքնակառավարման" վերաբերյալ: Լրագրողները նկատեցին, որ Ալիեւը նաեւ հայտարարեց, որ չի կարող խնդիրը լուծվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության հաշվին: Համանախագահները չմեկնաբանեցին Ալիեւի հայտարարությունը, բայց ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը նկատեց, որ հանրաքվեից ավելի արդյունավետ ձեւ չկա այդպիսի հարցերը լուծելու համար:

Հայ-թուրքական ջերմացող հարաբերությունները եւ ապրիլի 22-ին ստորագրված հայտարարությունը ողջունեցին ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահները: Ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեն նկատեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դրական կլինի ողջ տարածաշրջանի համար: Ամերիկացի Մեթյու Բրայզան էլ նշեց, որ ԱՄՆ-ն միշտ կողմնակից է եղել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը. «ԱՄՆ-ն սատարում է այս գործընթացի զարգացմանը եւ միշտ եղել ու մնում է այն դիրքորոշմանը, որ այդ գործընթացը պետք է զարգանա առանց նախապայմանների»:

Ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը այս հարցին չանդրադարձավ, իսկ պատասխանելով ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի ճակատագրի վերաբերյալ հարցին, ասաց. "Որքան ես գիտեմ, Ռուսաստանը մտադիր չէ տեղաշարժել Հայաստանում իր ռազմական բազան հայ-թուրքական երկխոսության կապակցությամբ":

Իսկ Ռեջեփ Թաիփ Էրդողանի հայտարարությունների կապակցությամբ, թե մինչեւ չլուծվի ԼՂՀ հարցը հայ-թուրքական սահմանը չի բացվի, Բեռնար Ֆասյեն ասաց, որ իրենք չեն ցանկանում մեկնաբանել տարբեր պաշտոնյաների հայտարարությունները, բայց նաեւ հիշեցրեց, որ Թուրքիան ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի անդամ է:

Իսկ Ճանապարհային քարտեզի մանրամասների վերաբերյալ համանախագահներն իրենց իրավունք չվերապահեցին մեկնաբանություններ տալ. Միայն ասացին, որ հայ-թուրքական հարաբերությունները եւ ԼՂՀ գործընթացը կզարգանան առանձին:

Պատասխանելով հարցին, թե ո՞վ էր ավելի կառուցողական Ռոբերտ Քոչարյա՞նը, թե՞ Սերժ Սարգսյանը, ֆրանսիացի համանախագահն ասաց, որ այսօր ինքը տեսել է երկու երկրների նախագահների միջեւ փոխադարձ հարգանք եւ անկեղծ ցանկություն խնդիրը լուծելու:

Ի դեպ, վերջում Բեռնար Ֆասյեն նկատեց, որ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հայտարարությունը գործընթացի միայն սկիզբն է. «Սա բավականին երկար գործընթաց է լինելու»,-ասաց նա: Իսկ ԼՂՀ հարցում փոխզիջումների վերաբերյալ էլ ասաց. «Լավ է ցանկացած փոխզիջում, քան պատերազմ»: