Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՆՐԱՔՎԵ ՉԵՉՆԻԱՅՈՒՄ

Քաղաքականություն

Մարտի 28-ի ասուլիսում Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան խորհրդական Վլադիմիր Տկաչովը ներկայացրեց Չեչնիայում սահմանադրական հանրաքվեի արդյունքները եւ դրանց վերաբերյալ արձագանքները: Համաձայն պաշտոնական տվյալների հանրաքվեին մասնակցել է ընտրողների 89-ը:

Նշվեց, որ հանրաքվեն անցել է կազմակերպված, առանց լուրջ միջադեպերի, ապահոված է եղել մասնակիցների, դիտորդների, լրագրողների անվտանգությունը: Դեմոկրատական մթնոլորտի դրսեւորումներից է այն, որ հանրաքվեի նախօրեին Գրոզնիում ընդդիմադիրների ցույց է տեղի ունեցել, եւ իշխանությունները նրանց դեմ ոչ մի քայլ չեն ձեռնարկել:

Հանրաքվեն որպես դեմոկրատական ու լեգիտիմ են գնահատել ԱՊՀ, Արաբական լիգայի երկրների, Ասիայի ու Աֆրիկայի համերաշխության կազմակերպության, ինչպես նաեւ մահմեդական մի շարք երկրների դիտորդներ:

Վլադիմիր Տկաչովը նշեց, որ ԵԱՀԿ դիտորդները այս հայտարարությանը չեն միացել, սակայն դրական են արձագանքել: Դրական են վերաբերվել նաեւ Եվրամիությունը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ եւ այլն:

Խորհրդականը հայտնեց, որ հանրաքվեի արդյունքները փակեցին Ռուսաստանի տարածքային ամբողջականության վերջին ու ծանր բացը, եւ չեչենները իրենց Ռուսաստանից դուրս չեն տեսնում ու քվեարկել են խաղաղ զարգացման օգտին:

Վլադիմիր Տկաչովը տեղեկացրեց, որ այժմ օրակարգում են Չեչնիայի Հանրապետության ու Մուսկվայի միջեւ լիազորությունների բաժանման պայմանգրի, քաղաքացիական իշխանությունների ձեւավորման, նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցերը:

Նա հավանական համարեց, որ Չեչնիայում նախագահական ընտրությունները կանցկացվեն աշնանը, եւ դրանք կահամատեղվեն դումայական ընտրությունների հետ: