Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ԱՆՑԵԼ Է ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ- ՀԱՅԱՍՏԱՆ 5-ՐԴ ՆԻՍՏԸ

Քաղաքականություն

Մարտի 24-25 ը Բրյուսելում տեղի ունեցավ Եվրամիություն- Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 5-րդ նիստը: ՀՀ խորհրդարանականներից նիստին մասնակցում էին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, Արշակ Սադոյանը, Ալեքսան Կարապետյանը, Խորեն Սարգսյանը, Արթուր Բաղդասարյանը, Գագիկ Մելիքյանը, Աղվան Վարդանյանը եւ Հրանուշ Հակոբյանը:

Նիստում քննարկվել է 2003 թվականի նախագահական ընտրությունների ու առաջիկա խորհրդարանական ընտրությունների հարցը, ԼՂՀ հիմնախնդրի լուծման ընթացքը, ժողովրդավարացումը, մարդու իրավունքները եւ դատաիրավական բարեփոխումները Հայաստանում, հարեւան երկրների հետ հարաբերությունների հարցը, Եվրամիության ընդլայնումը եւ սահմանադրական զարգացումները, Էներգետիկ «քարտեզը»:

Եվրամիությունը մտահոգված է 2003թ-ի նախագահի ընտրություններով

ԵՄ- Հայաստան խորհրդարանական հանձնաժողովի նիստի ընթացքում Եվրամիությունը մտահոգություն է հայտնել այն առիթով, որ ՀՀ 2003 թվականի նախագահի ընտրությունները չեն համապատասխանել ժողովրդավարական ընտրությունների միջազգային չափանիշներին: Հովհաննես Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ԵՄ-ն հորդորել է Հայաստանի իշխանություններին հաշվի առնելով նախագահի ընտրությունների ժամանակ առկա թերությունները, խորհրդարանական ընտրություններում դրանք բացառել:

ԵՄ-ն ողջունել է միջազգային դիտորդական առաքելության ներկայությունը ՀՀ նախագահի, ապա նաեւ խորհրդարանական ընտրություններում սպասելիքները:

ԼՂՀ հարցում առաջընթաց չի գրանցվի նաեւ 2003

Զարգացումներ ԼՂՀ հարցում չկան եւ չեն ակնկալվում: «2003 թվականը ընտրությունների տարի է, թե Հայաստանում, թե Ադրբեջանում, «թայմ աուտ» -ի խնդիր կա: Նոր զարգացումներ չկան եւ այս տարի չեն լինի: Համանախագահները պետք է գան Հայաստան, նոր տարբերակ սեղանին չկա, բայց համանախագահները պետք է աշխատեն»:

«2004 թվականին բավականին ինտենսիվ կընթանա Ղարաբաղի հարցի բանակցությունները»,- գտնում է Հովհաննես Հովհաննիսյանը:

Ստրասբուրգում քննարկվի Հայաստանում նախագահական ընտրությունների օրինականության հարցը

Մարտի 31-ից ապրիլի 4-ը Ստրասբուրգում տեղի կունան ԵԽ ԽՎ նիստ, որտեղ կքննարկվի Հայաստանում նախագահի, իսկ Մոնակոյում խորհրդարանական ընտրությունների օրինականության հարցը: Հովհաննես Հովհաննիսյանը նկատում է, որ դժվար թե Մոնակոյի հետ կապված խնդիր առաջանա, բայց Հայաստանի հարցը զեկուցելու է լորդ Ռասել Ջոնսթոնը: Կլինեն քննարկումներ:

« Իհարկե կքննադատեն մեզ, շատ երկրներ ավելի մեղմ են տրամադրված, մյուսները ավելի խիստ Հայաստանի հանդեպ, սա գլոբալ քաղաքականություն է, սա արդեն ընտրությունները չեն, սա գեոպոլիտիկա է շատ լուրջ: Էական, լուրջ որոշումներ 31-ին չի ընդունվի, ԵԽ-ն պատժի ինստիտուտ չունի, բայց նրանք շատ մեծ հույսեր են կապում, որ 2003 ի խորհրդարանական ընտրությունները կանցնեն նորմալ»,- ասում է Հովհաննես Հովհաննիսյանը: