Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրոպա, վերջ տուր խաղալուն

Քաղաքականություն

«Հայաստանի իշխանությունը պետք է դադարի ինքնախաբեությամբ զբաղվել, իսկ Եվրոպան պետք է վերջ տա փոքր երկրների հետ խաղալուց»,- այսօր հայտարարեց ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա նաեւ հայտարարեց. «Ես չեմ ուզում որեւէ արտոնություն, ես ուզում եմ Հայաստանն ինքն ապահովի մարդու իրավունքների, քաղաքացու հիմնական ազատություններն ու ժողովրդավարության իր չափանիշը, միաժամանակ ես պահանջում եմ, որ ԵԽԽՎ-ն իր արժեքները կիրառի հավասարապես»:

Խոսելով նաեւ մեր ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության մասին` Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ այսօր շատ կան լավ պատվիրակներ, բայց նրանք կաշկանդված են. եթե ստիպված չլինեն պաշտպանել անպաշտպանելին, ամեն ինչ շատ ավելի արդյունավետ կլինի Հայաստանի համար: Իսկ առայժմ Հայաստանի պատվիրակությունը մեր երկրի փոքր չափերի եւ աշխարհում մեր ունեցած հեղինակության սահմաններում է դրսեւորվում: Հովհաննիսյանն ասաց նաեւ, որ ինքը թեեւ վերջին ամիսներին չէր մասնակցում ԵԽԽՎ լիագումար նիստերին, սակայն «ճակատում պայքարում էր»:

Ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանն ավելացրեց նաեւ, որ այս անգամ Հայաստանի հարցը կարող է քննարկվել Ադրբեջանի հետ, ինչպես միասին էլ երկու հանրապետություններն ընդունեցին Եվրախորհուրդ: ԵԽԽՎ ապրիլյան լիագումար նիստին «Ժառանգությունից» կմասնակցի Զարուհի Փոստանջյանը, որը սակայն մոնիտորինգի նիստին չի կարողանա իր մասնակցությունը բերել: