Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌԴ ԴԵՍՊԱՆԸ ՎԱՏ Է ՏԵՂԵԿԱՑՎԱԾ

Քաղաքականություն

Ընդդիմադիր կուսակցությունների կանայք հանդիպման խնդրանքով դիմել են Հայաստանում գործող օտարերկրյա մի շարք դեսպաններին: Այսօր նրանց ընդունեց ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Անատոլի Դրյուկովը: Նրան ներկայացվել է մարտի 17-ից մինչեւ երեկ ձերբակալված 101 քաղաքացու ցուցակ:

ՀԺԿ լրատվական ծառյության ղեկավար Ռուզան Խաչատրյանի տպավորությամբ, ՀՀ-ում ՌԴ դեսպանը վատ է տեղեկացված Հայաստանում ստեղծված քաղաքական մթնոլորտից:
«Կային փաստեր, որոնք նրան զարմացնում էին»,- ասաց տիկին Խաչատրյանը:

Վերջինս նշեց նաեւ, որ Դրյուկովին տեղյակ է պահվել Ռոբերտ Քոչարյանի ոչ լեգիտիմ նախագահ լինելու հանգամանքի մասին: «Մենք ասացինք, որ ոչ լեգիտիմ նախագահի դեմ պայքարը շարունակելու ենք եւ ամեն օր աշխարհին հիշեցնելու ենք Քոչարյանի հակաօրինական իշխանության մասին»,-ասաց Ռուզան Խաչատրյանը:

ՌԴ դեսպանին փոխանցվել է նաեւ անհանգստություն այն մասին, որ իշխանությունների կողմից հնարավոր են սադրանքներ. «Մենք գործելու ենք միայն Սահմանադրության շրջանակներում»:

Մեր տվյալներով կանայք Անատոլի Դրյուկովին անհանգստություն են հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Քոչարյանին ուղղված շնորհավորանքի առթիվ, որին դեսպանը պատասխանել է. «Շնորհավորել ենք քաղաքական անկայունության վտանգից ելնելով»: