Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ով ինչքան դերասանություն կանի

Քաղաքականություն

ՀՀ-Թուրքիա հարաբերություններին եւ դրան Ադրբեջանի վերաբերմունքին ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը միանշանակ չի մոտենում: Նրա կարծիքով' նախ պետք է պարզել, թե այս հարաբերություներում Ադրբեջանը որքանո՞վ է անկեղծ. «Ո՞վ է այստեղ դերասանություն անում, ժամանակը ցույց կտա: Թուրքիայում ցույցեր են սկսվել' սահմանի բացման դեմ, հատկապես Արեւմտյան Հայաստանի տարածքում եւ որքան են անկեղծ, նորից պարզ չէ»:

Ըստ Վահան Հովհաննիսյանի' իրականությունը հետեւյալն է. «Այս հիստերիկ շարժումները Ադրբեջանի եւ իբր թուրքական բնակչության կողմից, կարծում եմ համաձայնեցված է Թուրքիայի կողմից: Ես բացառում եմ, որ այդ տարածքներում հնարավոր լինի զանգվածային ցույցեր եւ իշխանությունների կողմից սանկցիա չլինի»:

Նրա կարծիքով' Թուրքիայի տարածքում ընթացող բեմադրություններն այսօր մեկ նպատակ են հետապնդում. «Պարտադրել արեւմտյան աշխարհին, միջազգային կառույցներին նորից դիմել Հայաստանին, որ որոշ նախապայմաններ ընդունի: Այդ նախապայմանները փորձելու են մեզ հրամցնել որպես հայ-թուրքական հարաբերությունները կարգավորող միակ բանալի»:

Այս առումով պարոն Հովհաննիսյանը գտնում է, որ հայ-թուրքական հարաբերություններում չի կարող լինել որեւէ նախապայման եւ ողջունում է ՀՀ ԱԳ նախարարի կողմից նախապայմանների բացառումն այդ հարաբերություններում:

Վահան Հովհաննիսյանի կարծիքով' Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ճիշտ չի հասկանում հայ-թուրքական հարաբերություններում Ադրբեջանի ազգային շահը. «Թվում է, որ Ադրբեջանի ազգային շահն է Ղարաբաղը չտալ, Ղարաբաղին երբեք անկախություն չտրամադրել, սպառնալ եւ այլն: Իրականում, Ադրբեջանի շահը խնդիրը խաղաղ կարգավորելն է, հայկական կողմին զիջումներ անելը: Բայց անգամ սխալ ազգային շահի համար Ալիեւը կանգնած է պինդ, անսասան կերպով»:

Հովհաննիսյանի կարծիքով'հայկական կողմը այսօր պինդ կանգնելու պակաս ունի: Վահան Հովհաննիսյանն այսօր անդրադարձավ նաեւ հայ-թուրքական սահմանը բացվելու դեպքում հնարավոր հետեւանքներին եւ ասաց. «Մի 20 օր հետո մենք կներկայացնենք մի ամփոփ վերլուծություն, որտեղ սահմանի բացման բոլոր հետեւանքները' հիմնականում տնտեսական, կներկայացվեն մեր հասարակությանը»:

Ի դեպ, Ադրբեջանը Թուրքիայի առջև երեք պայման է դրել, որոնց իրկանացման դեպքում, կտա հայ-թուրքական սահմանի բացման իր համաձայնությունը։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ' երեք պայմանն էլ կապված են Լեռնային Ղարաբաղի հետ։

«Առաջին հերթին Հայաստանը պետք է դուրս բերի իր զինված ուժերը Լեռնային Ղարաբաղը շրջապատող 5 տարածքներից:Երկրորդ՝ Հայաստանը պետք է վերադարձնի Լաչինի միջանցքի հարավային հատվածը։ Երրորդ՝ Թուրքիան պետք է հնարավորություն ստանա՝ օգտագործելու Լաչինի միջանցքը»,-մանրամասնում է ադրբեջանական մամուլը: Եթե Թուրքիան Լաչինի միջանցք մուտք գործելու հնարավորություն ունենա, ապա Ադրբեջանը կստանա դեպի Թուրքիա անմիջական ցամաքային ճանապարհի հնարավորություն։