Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարական է տվել

Քաղաքականություն

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ում Հայաստանը ներկայացնելու իր առաքելությունից։

«Րաֆֆի Հովհաննիսյանի բոլոր քայլերը ադեկվատ են մեր իրականությանը, մասնավորապես այս քայլը ուղղակիորեն կապված է ԵԽԽՎ-ի անհետեւողականության, Հայաստանի կողմից իր իսկ ստանձնած պարտականությունների չկատարման հետ, դա ինչ որ իմաստով նաեւ բողոքի ակցիա կարելի է համարել. դա քաղաքական քայլ է եւ իր վարած քաղաքականության շարունակությունը»,-»Ա1+»-ի հետ զրույցում ասաց Ժառանգություն կուսակցության մամլո քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանի փոխարեն այսուհետ Հայաստանի պատվիրակության կազմում որպես ընդդիմության ներկայացուցիչ ԵԽԽՎ-ում հանդես կգա«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, իսկ ՆԱՏՕ-ում՝ Ստեփան Սաֆարյանը:

«Րաֆֆի Հովհաննիսյան, կուսակցության նախագահի, ինչպես նաեւ խմբակցության ղեկավարի պաշտոնից հրաժարվելով, չի մեկուսանում, նա շարունակում է մնալ ակտիվ քաղաքականության մեջ,- պատասխանելով «Ա1+»-ի հարցին` ասաց Հովսեփ Խուրշուդյանը։ -Ինքը ուղղակի իր օրինակով ցույց է տվել, որ պետք է կուսակցության ղեկավարի փոփոխելիություն ապահովել, պետք է գործի ռոտացիայի սկզբունք ցանկացած կուսակցության մեջ. ինքը եւ մեր կուսակցությունը միշտ հայտարարել է, թե ցանկացած բան, որ մենք առաջարկում ենք փոխել երկրում, ինչ-որ քաղաքական մշակույթ արմատավորել, մենք մեզանից ենք սկսելու, եւ ինքը այդ քայլով ցույց է տալիս, որ ոչ մի կուսակցության ղեկավար չպետք է հավերժ մնա այդ դերում. Սա ժողովրդավարական գործընթաց է»:

Մանդատից հրաժարվելու հավանականության մասին մեր հարցին Հովսեփ Խուրշուդյանը պատասխանեց, որ ինքը համենայնդեպս նման բանի մասին չի մտածել, չգիտի, եւ ենթադրություն անել էլ չի ցանկանում:

Ինչ վերաբերվում է երեկվա մամուլում հրապարակված այն լուրին, թե Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստվում է լքել Հայաստանը, ապա այն, Հովսեփ Խուրշուդյանի խոսքով, չի համապատասխանում իրականությանը, և ըստ նրա՝ «այդ լրագրողներն են կազմել Րաֆֆի Հովհաննիսյանի գրաֆիկը»։

Ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր անձամբ նամակով իր զորակցությունն էր հայտնել "Ա1+"-ի լրագրող Դավիթ Ջալալյանին, ով երեկ, իր մասնագիտական պարտքը կատարելիս, ենթարկվել էր ոստիկանական բռնության: Րաֆֆի Հովհաննիսյանը դատապարտել է հանցագործությունը եւ առողջության մաղթել Դավիթին: