Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սահմանը բացվո՞ւմ է

Քաղաքականություն

«Հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ համաձայնագրի տեքստը համաձայնեցված է, մնում  է միայն հարմար պահ գտնել այն ստորագրելու համար»,-այսօր հայտարարեց ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը:

Համաձայնագրի կետերը նրան   հայտնի են դարձել' սահմանի բացում, միջազգայնորեն ընդունված սահմանների ճանաչում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում եւ համատեղ հանձնաժողովների ստեղծում, այդ թվում եւ պատմաբանների հանձնաժողովի: Վերջին կետը Դավիթ Շահնազարյանը շատ մեծ վրիպում է համարում եւ կարծում է, որ խիստ  վտանգավոր է, որովհետեւ դա նշանակում է ցեղասպանության հարցը կասկածի տակ դնել. «ՀՀ իշխանությունը եթե նույնիսկ գնում  էր այդ քայլին, ապա կարող էր այդ կետի վերաբերյալ առանձին փաստաթուղթ կազմեր»:

 Այլապես, ըստ Շահնազարյանի, եթե հանձնաժողովի կետը ներառվում է ընդհանուր համաձայնագրի մեջ, ապա փաստացի դառնում է դիվանագիտական հարաբերության հաստատման  եւ սահմանի բացման նախապայման:

ՀԱԿ անդամի կարծիքով, այսօր ԼՂՀ կարգավորման հարցը ձեւականորեն ներառված չի նախապայմանների մեջ, եւ այսօր Թուրքիան ուղղակի ժամանակ է ձգում մինչեւ ապրիլի 24-ը:

Իսկ 24-ից հետո, երբ ըստ ամենայնի, Օբաման չի արտասանի ցեղասպանություն բառը,ըստ նրա, Թուրքիան բավական կաշխուժանա Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում:

Դավիթ Շահնազարյանն համոզված է, որ Թուրքիան լուրջ հավակնություն ունի ներգրավվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շարքում, եւ ամերիկյան փորձագիտական որոշ շրջանակներ Բարակ Օբամային խորհուրդ են տալիս նույնիսկ այդ մասին բանակցել Ֆրանսիայի հետ: ՀԱԿ ներկայացուցիչն այսօր արձանագրեց, որ ԱՄՆ-ն այսօր ավելի շահագրգռված է սահմանի բացման, քան ԼՂՀ խնդրի լուծման հարցով: 

Դավիթ Շահնազարյանի խոսքով' Սերժ Սարգսյանի լեգիտիմության բազան այնքան փոքր է, որ իր իշխանությունը պահում է արտաքին քաղաքական հարցերում մանեւրի երկու ռեզերվով' ցեղասպանության եւ Ղարաբաղի խնդիրներով: Այսպիսի ռեզերվ, ըստ Շահնազարյանի, ասենք'Վրաստանի նախագահ Սահակաշվիլին չունի: