Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրան-Հայաստան. Կկառուցվի ուղիղ երկաթգիծ

Պաշտոնական

Ապրիլի 2-ին` երկօրյա այցով Հայաստան ժամանեց Իրանի Իսլամական հանրապետության Ճանապարհների եւ հաղորդակցության նախարար Համիդ Բիհբահանիի գլխավորած պատվիրակությունը:

«Զվարթնոց» օդանավակայանում պատվիրակությանը դիմավորեցին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը եւ գերատեսչության պաշտոնատար այլ անձինք: Երկու երկրների տրանսպորտի ոլորտը ներկայացնող նախարարները օդանավակայանում ունեցան կարճատեւ զրույց:

Նույն օրը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունում տեղի ունեցած տրանսպորտի բնագավառում համագործակցության համատեղ հանձնաժողովի երկրորդ նիստի ժամանակ քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում` Իրան-Հայաստան երկաթուղու կառուցմանը իրանական կողմի հնարավոր մասնակցության հարցը:
Իրանական կողմը պատարստակամություն հայտնեց օժանդակել Հայաստանին երկաթուղու կառուցման հարցում, ինչի նպատակով էլ առաջիկայում կստեղծվի աշխատանքային խումբ` երկուական ներկայացուցիչներով:

Բացի այդ, իրանական կողմը վերահաստատեց իր պատրաստակամությունը հայկական փոխադրողներին դեպի Իրանի Իսլամական հանրապետության հարավային եւ հյուսիսային նավահանգիստներ, նաեւ Իրանի տարածքով տարանցմամբ Հայաստանից դեպի այլ երկրներ եւ հակառակը` տեղափոխվող ապրանքների տարանցման հանարվորության ընձեռման հարցերում:

Կողմերը, միաժամանակ, վերահաստատեցին նաեւ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու կառուցման հարցում հետագա համագործակցության պատրաստակամությունը:

Տրանսպորտի բնագավառում երկկողմ համագործակցության համատեղ հանձնաժողովի երկրորդ նիստի ավարտին, կողմերը կնախաստորագրեն Հայաստանի եւ Իրանի Իսլամական Հանրապետությունների միջեւ ուղիղ երկաթուղային գիծ կառուցելու մասին փոխըմբռնման հուշագրի նախագիծը:


Հայտնում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի
մամուլի քարտուղար` Սուսաննա Տոնոյանը: