Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«7-ի գործը» քանդվեց

Քաղաքականություն

«7-ի գործով» դատավոր Մնացական Մարտիրոսյանը այսօր անփոփոխ թողնելով «7-ի գործով» անցնողների խափանման միջոցը' կալանքը, որոշեց նրանց գործերը առանձնացնել եւ ուղարկել տարբեր դատարաններ:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանն այսօր 7 քաղբանտարկյալների նկատմամբ կարճեց Քր. Օր. 300 հոդվածի 1-ին մասով քրեական գործի վարույթը' հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Այսինքն, դատարանը ընդունեց, որ 7-ը իշխանության յուրացման փորձ չեն կատարել:

Փոխարենը դատավորը, ընդունելով մեղադրող կողմի առաջադրած քր.օր 225 հոդվածի 1-ին մասով, ինչպես նաեւ անփոփոխ թողեց քաղբանտարկյալներին առաջադրած մյուս մեղադրանքները:

Մարտիրոսյանը որոշեց թողնել Շենգավիթի դատարանում եւ դատավարությունը շարունակել միայն Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի գործը' Քր. Օր 225 հոդվածի առաջին մասով:

Մյասնիկ Մալխասյանի գործը դատավորը որոշեց անջատել եւ քր.օր 225 հոդվածի 1-ին մասով եւ 38-316 հոդվածի 2-րդ մասով ուղարկել Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան: Սասուն Միքայելյանի մասով գործը' Քր.օր 225 հոդվածի 1-ին մասով եւ 235 հոդվածի 1-ին, 2-րդ մասերով գործն անջատվեց եւ ուղարկվեց Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Հակոբ Հակոբյանի գործը Քր.օր 225 հոդվածի 1-ին մասով ուղարկվեց Կենտրոն եւ Նորք- Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան: Նույն դատարան առանձին-առանձին ուղարկվեցին Գրիգոր Ոսկերչյանի եւ Շանթ Հարությունյանի գործերը' 225 հոդվածի 1-ին մասով:

Այսինքն, «7-ի գործի» դատավարությունը բացի Ալեքսանդր Արզումանյանից եւ Սուրեն Սիրունյանից կշարունակվի առանձին-առանձին: Վերջիններիս գործով դատավարությունը Մնացական Մարտիրոսյանը կշարունակի ապրիլի 8-ին, իսկ մյուս գործերով դատավորները, մեղադրողներն ու դատավարության օրը հայտնի չեն: Մնացական Մարտիրոսյանն այսօր քաղբանտարկյալներին եւ նրանց պաշտպաններին 8 օր ժամանակ տվեց առաջադրված նոր մեղադրանքին եւ իր այսօրվա որոշմանը ծանոթանալու համար: Առանց ուշադրություն դարձնելու պաշտպանական կողմի հայտարարություններին' որոշումը հրապարակելուց հետո Մնացական Մարտիրոսյանը հեռացավ դատարանի դահլիճից:

Հակոբ Հակոբյանի փաստաբան Մելանյա Առուստամյանը «Ա1+»-ին հայտնեց, որ հենց այս որոշմամբ դատարանը ընդունեց, որ «7-ի գործով» կազմակերպված հանցակազմ չկա. «Այսինքն դատարանը նույնպես արձանագրեց, որ ի սկզբանե 7-ը պայմանվորված, համաձայնեցված անկարգություններ չեն իրականացրել: Ավելի մանրամասն կհայտնեմ' դատավորի որոշմանը ծանոթանալուց հետո»:

Դատարանի այսօրվա որոշումը' իրավապաշտպան Արթուր Սաքունցին հիշեցրեց Սումգայիթի գործը. «Այս դատարանը նույնպես վարվեց' բաժանիր, որ տիրես սկզբունքով; Նույն կերպ ժամանակին վարվեց սովետական դատարանը' Սումգայիթի մասսայական սպանությունների գործերով: Դատարանն այսպես վարվեց, որպեսզի այս գործը դուրս մնա հասարակական վերահսկողությունից եւ հրապարակայնությունից, որպեսզի դատարանի անօրինականությունները այդքան տեսանելի չլինեն»: