Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խաղավարժանք

Պաշտոնական

Մարտի 24-26-ը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը և Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությունն իրականացնելու են INSARAG-ի' (Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խումբ) երկրաշարժի արձագանքման խաղարկային վարժանք: Վարժանքը նախատեսված է փորձարկելու միջազգային արձագանքի համակարգման բոլոր այն բաղադրիչները, որոնք անհրաժեշտ կլինեն հանկարծակի բնական աղետից տուժած երկրին:

Փրկարար ծառայության լրատվական բաժնից հայտնում են, որ վարժանքի ընթացքում ներկայացվելու է այս խաղարկային սցենարը:

«2009 թ մարտի 24-ին, տեղական ժամանակով 05.05-ին, Հայաստանի Հանրապետության հյուիսային մասում' Լոռու մարզում, տեղի են ունեցել 7,5 մագնիտուդ հզորությամբ ցնցումներ: Էպիկենտրոնում, որը գտնվում է Ստեփանավան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, արձանագրվել է 10 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Հիպոկենտրոնը՝ 10 կմ խորության վրա է:

Նախնական տվյալներով ավերվել են բազմաթիվ տներ ու շինություններ, կան անվերադարձ և սանիտարական կորուստներ: Ծանր իրավիճակ է արձանագրվել Ստեփանավանում (բնակչությունը 25 հազար) և Վանաձորում (բնակչությունը 170 հազար) և այդ քաղաքներին հարակից գյուղական համայնքներում:

Ըստ Հայաստանի փրկարար ծառայության կանխատեսումների' անվերադարձ կորուստների թիվը կարող է հասնել 9600-ի....

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայտարարել է արտակարգ իրավիճակ և միջազգային օգնություն խնդրել' շեշտելով քաղաքային որոնողափրկարարական թիմերի անհրաժեշտությունը»:

 

Ըստ սցենարի' միջազգային որոնողափրկարարական թիմերն ակտիվորեն ներգրավվում են և համագործակցում տեղական գործընկերների հետ:

 

INSARAG-ի քարտուղարությունն ամեն տարի կազմակերպում է նման խաղարկային վարժանքներ, որոնք իրազեկման և ուսուցման յուրօրինակ դասընթացներ են:

INSARAG-ի տարածաշրջանային USAR-ի (Քաղաքային որոնողափրկարարական ծառայություն) հայաստանյան վարժանքին մասնակցելու են 22 երկրների աղետների կառավարման հարցերով զբաղվող ղեկավարներ և USAR-ի թիմեր, ՄԱԿ-ի տարբեր գործակալություններ իրենց տեղական գործընկերների հետ, Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններ և համապատասխան հաստատությունների արտակարգ իրավիճակներով զբաղվող ղեկավարներ: