Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

"Ընդդիմությունը կունենա իր ներկայացուցիչը ԿԸՀ-ում"

Հարցազրույց

 

"Մենք կարծում ենք, որ Երեւանի ավագանու ընտրություններին ընդդիմությունը պետք է ներկայանա համախմբված",- "Ա1+"-ին ասաց ԿԸՀ-ում "Ժառանգության" ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանը եւ պատասխանեց մեր մի շարք հարցերին:

- Ինչպե՞ս եք վերաբերում Երեւանի ավագանու ընտրություններին "Ժառանգության" չմասնակցելուն:
- "Ժառանգությունը" ասուլիս կհրավիրի եւ մի շարք հարցեր կպարզաբանի, այդ թվում նաեւ իր չմասնակցելը ընտրություններին:
- Դուք միակ ընդդիմադիրն եք ԿԸՀ-ում` "Ժառանգության" ներկայացուցիչը: Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող ընդդիմությունը կարո՞ղ է վստահ լինել, որ իր ներկայացուցիչն ունի ԿԸՀ-ում:
- Անշուշտ: Ոչ միայն ընդդիմությունը, այլեւ իշխանությունը նույնպես վստահ կլինի, որ ԿԸՀ-ում կա մարդ` հանձինս ինձ, որը թույլ չի տա որեւէ ընտրակեղծիք: Ընտրակեղծիքները կարող են լինել շատերի կողմից, որոնք կփորձեն արջի ծառայություն մատուցել: Այս ընտրությունները շատ կարեւորն են, եւ մեր ժողովուրդը իսկապես պետք է կատարի իր ընտրությունը, ժողովրդական ընտրությունը: Եթե մենք դա չկարողանանք կազմակերպել մայրաքաղաքում, նշանակում է դատապարտված ազգ ենք:
- Դուք որպես համայնքի ղեկավարի թեկնածու մասնակցեցիք Արաբկիրի թաղապետի ընտրություններին եւ այն որակեցիք պայքար կրիմինալի դեմ: Ձեր կարծիքով ինչպիսի՞ն կլինեն մայիսի 31-ի ընտրությունները:
- Ամեն ինչ կախված է մեր ժողովրդի տրամադրությունից: Ամեն ինչ կախված է անցյալից դասեր քաղելուց: Այն ինչ տեղի ունեցավ մարտի 1-ին, խորհելու տեղիք է տալիս: Ժողովուրդը պետք է ճիշտ հետեւություններ անի` հետագա մարտի 1-երից խուսափելու համար:
- Ժողովուրդը ի վիճակի՞ է կանխել բռնությունը, ծեծը, սպանությունը, եթե իշխանությունները նման մտադրություն ունենան:
- Այո, իր ընտրությամբ ժողովուրդը կարող է կանխել ամեն ինչ: Ժողովուրդը պետք է վերջապես հասկանա, որ 5000 դրամով ընտրության չեն գնում: Մայիսի 31-ի ընտրություններին ընդդիմությունը ժողովրդի հետ միասին պետք է տեր կանգնի իր քվեներին եւ մինչեւ վերջ: Մինչեւ վերջ` ես նկատի ունեմ, որ ժողովուրդը պետք է տեր կանգնի, որ որեւէ մի տեղ վստահված անձին չծեծեն, դուրս չհանեն ընտրական տեղամասից: Հակառակ դեպքում մենք ընդհանրապես դուրս ենք մնալու աշխարհաքաղաքական քարտեզից: Սա մեզ բոլորիս է պետք` եւ ընդդիմությանը, եւ իշխանություններին եւ ընդհանրապես` համաշխարհային հանրությանը: Պատասխանատվության զգացողություն պետք է ունենանք բոլորս:
- Դուք համամի՞տ եք այն տեսակետին, որ մայիսի 31-ի ընտրությունները լինելու են վերջին նախագահական ընտրությունների մեղմ տեսակը:
- Ես գտնում եմ, որ այս ընտրությունները նախագահական ընտրությունների պես փորձություն են մեզ համար:

Հարցազրույցը վարեց Վիկտորյա Աբրահամյանը