Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զորավարի պատգամին հավատարիմ

Հասարակություն

Զորավար Անդրանիկի թանգարանը հիմնվել է 2006 թվականի սեպտեմբերի 16-ին Իլյիչ Բեգլարյանի նախաձեռնությամբ եւ միջոցներով: Թանգարանը պետության կողմից ոչ մի օժանդակություն չի ստանում:
Դեռ մանկուց Իլյիչ Բեգլարյանը հավաքել է այն ամենը, ինչ վերաբերել է Անդրանիկին:

Թանգարանը գտնվում է Կոմիտասի անվան այգու տարածքում:
" Անդրանիկն էր պատգամել, աճյուններս կթաղիք Զանգվի ափին: Եւ աստծո կամոք, մենք կարողացանք ձեռք բերել այս շենքը, իսկ այգու մեջտեղով Զանգուն է հոսում՚,- պատմում է թանգարանի հիմնադրի կինը, թանգարանի տնօրեն Ժորժետա Բեգլարյանը:

Թանգարանում նյութեր կան, որոնք հիմնադիրը բերել է Անդրանիկի Վառնայի տանից, որտեղ նա ապրել է 12 տարի: Վառնայում թանգարանի հիմնադիրը ծանոթացել է Անդրանիկի հորեղբոր թոռան` Պերճ Օզանյանի հետ, որը թանգարանին նվիրել է Անդրանիկի անձնական իրերը, թուրը եւ շքանշանները: Թանգարանի մի անկյունն էլ նմանեցված է Անդրանիկի Վառնայի տանը:

Թանգարանում է նաեւ այն մոմակալը, որի վրա Անդրանիկը մինչեւ 14 տարեկանը Շապինգարահիսարի եկեղեցում մոմ է վառել: Այստեղ բացի Անդրանիկի անձնական իրերից, պահպանվում են նաեւ մեր մյուս հերոսների անձնական իրերը, նկարները` Աղբյուր Սերոբի, Գեւորգ Չաուշի, Սմբատ Զորավարի եւ մյուսների:

ՙՄեր նպատակն է անմահացնել Անդրանիկին եւ մյուսներին, որպեսզի մեր մատաղ սերունդը ճանաչի մեր հերոսներին, ֆիդայական շարժման մասնակիցներին՚,- եզրափակեց տիկին Բեգլարյանը:

ՙԵրբ պաշտոնյաները գալիս են եւ ասում, թե ինչով օգնենք, մենք ասում ենք, որ ամեն ինչ արել ենք, դա էլ կանենք: Չենք ուզում ոչ ոքի նեղություն տանք, սակայն թանգարանի շրջակայքի կանաչապատման եւ այլ հարցերով օգնել են՚,- ասում է տիկին Բեգլարյանը:

Ի դեպ, թանգարանի մուտքը անվճար է եւ 3 տարում ունեցել են մոտ 30.000 այցելու, որոնցից 60%-ը դպրոցականներ են, որոնք գալիս են նույնիսկ Ջավախքից եւ Թբիլիսիից: