Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խորհրդակցություն Վանաձորում

Պաշտոնական

 

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է ՙՎանաձոր-խիմպրոմ՚ քիմկոմբինատ, շրջել արտադրամասերում, ծանոթացել նախկինում քիմիական ոլորտի առաջատար այդ ձեռնարկության ներկա վիճակին, վերագործարկման հնարավորություններին :

Այնուհետեւ ՀՀ գյուղատնտեսության, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարների, Լոռու մարզպետի, քիմկոմբինատի գլխավոր տնօրենի մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են քիմկոմբինատի վերագործարկման հետ կապված հիմնախնդիրներն ու ռազմավարական ծրագրերը :

Որոշվել է վերսկսել կարբամիտի, սելիտրայի եւ այլ պարարտանյութերի արտադրությունը, ինչպես նաեւ ուսումնասիրել կարբիդի արտադրության ներկա պայմաններն ու հնարավորությունները :

Վարչապետը նշել է, որ ձեռնարկության կողմից տեղական հումքով տարբեր տեսակի պարարտանյութերի արտադրության նախատեսվող ծավալները կարող են ապահովել հանրապետության գյուղական տնտեսությունների ամբողջ պահանջարկը, նպաստավոր հիմքեր ստեղծելով գյուղատնտեսական մթերքների արտադրության աճի համար :

Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը հնարավորինս կաջակցի Վանաձորի քիմկոմբինատի ծրագրերի իրականացմանը' մասնավորապես, արտադրանքի իրացմանն ու մրցունակության ապահովմանը :

Վարչապետ Տիգրան Սարգսյանը որոշակի հանձնարարականներ է տվել խորհրդակցության ընթացքում քննարկված հարցերի ու խնդիրների արագ եւ արդյունավետ լուծման նպատակով :