• “Ժառանգությունը” կմտածի մինչեւ ուրբաթ

    “Ժառանգություն” կուսակցության ցանկացած որոշում սպասարկելու է ընդդիմության հաղթանակը:

    Այս մասին այսօր հայտարարեց “Ժառանգության” մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: Նա ցավ հայտնեց, որ թեեւ ի սկզբանե իրենք որոշել են ՀԱԿ-ի հետ միասնական ցուցակով մասնակցել քաղաքապետի ընտրություններին, սակայն վերջինս ընտրություններին մասնակցելու ձեւի եւ բովանդակության մասին քննարկումն արել է առանց “Ժառանգության”:

    Հովսեփ Խուրշուդյանը հայտարարեց, որ իրենք բարձր են գնահատում ՀԱԿ-ի կշիռը քաղաքական դաշտում, եւ չեն ակնկալել հարգանք իրենց գործունեության եւ անցած ուղու վերաբերյալ, բայց գոնե ընդդիմության հաղթանակի տրամաբանությունից բխում էր, որ ՀԱԿ-ը ցուցակը քննարկեր “Ժառանգության” հետ համատեղ:

    Հովսեփ Խուրշուդյանի կարծիքով սակայն, իրենց առաջարկած տարբերակը, համաձայն որի ցուցակը պետք է գլխավորի Արմեն Մարտիրոսյանը, երկրորդ հորիզոնականում է Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ երրորդում’ Րաֆֆի Հովհաննիսյանը,

    հնարավորություն կտա այն ստվար ընտրազանգվածին, որը դեմ է իշխանությանը, բայց նաեւ ինչ-ինչ խնդիրների պատճառով չի ուզում քվեարկել Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին, մասնակցել ընտրություններին եւ ընտրել Արմեն Մարտիրոսյանին:

    Խուրշուդյանը նկատեց, որ իրենց համար այս ընտրությունները քաղաքական պայքար են, ոչ թե պայքար’ քաղաքապետի պաշտոնի համար: “Ժառանգության” տրամաբանությամբ, Արմեն Մարտիրոսյանի հաղթանակը պետք է ապահովեին երկու հզոր քաղաքական գործիչները: Եվ այս դեպքում կկոնսոլիդացվեր ամբողջ ընդդիմադիր ընտրազանգվածը:

    “Ա1+”-ի հարցին, թե ում հաղթելու հավանականությունն է ավելի մեծ’ Արմեն Մարտիրոսյանի, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի, Հովսեփ Խուրշուդյանը ուղիղ չպատասխանեց եւ խնդրեց իրենց որոշման տրամաբանության ենթատեքստից չկտրել հարցը եւ նորից բացատրեց, որ ընտրազանգվածը չփոշիացնելու խնդիր է դրված: Դա մեթոդաբանական որոշում է:

    Խուրշուդյանը բավականին ցածր գնահատեց ընտրությունները կեղծելու իշխանության հնարավորությունը, քանի որ բավականին մեծ լիազորություններ են տրված վստահված անձանց, ում եւ հանձնաժողովականների ու դիտորդների լավ աշխատանքի պարագայում ՀԱԿ-ի եւ “Ժառանգության” ուժերով հնարավոր է ապահովել արդար ընտրություններ:

    Հովսեփ Խուրշուդյանը խորհուրդ տվեց նաեւ ընդդիմադիր մամուլին, որ չփորձեն ընդհարում հրահրել ընդդիմության երկու թեւերի միջեւ եւ կոչ արեց սթափվելու եւ հասկանալու, թե ում է դա ձեռնտու եւ ում շահերն է սպասարկում:

    Իսկ “Ժառանգության” վերջնական որոշումը թե ընտրություններին մասնակցել-չմասնակցելու, թե ձեւաչափի մասին, կկայացվի ուրբաթ:

    “Ա1+”-ի հետ զրույցում, ի դեպ, Հովսեփ Խուրշուդյանը վստահեցրեց, որ առանձին ցուցակով ընտրություններին մասնակցելու որոշումը դեռեւս վերջնական չէ, եւ շատ բան կախված է նաեւ ՀԱԿ-ից:

  •