Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Քաղաքականություն

Այսօր առավոտյան Երեւան են ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուդոլֆ Պերինան, Ֆիլիպ դե Սյուրմենը եւ Ռուսաստանի փոխարտգործնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ նրանք Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի եւ արտգործնախարար Գուլիեւի հետ: Համանախագահներն առաջարկում են ընդլայնել բանակցային ձեւաչափը, այսինքն բանակցություններին մասնակից դարձնել նաեւ Լեռնային Ղարաբարի իշխանություններին, իսկ ադրբեջանական կողմը պահանջում է մասնակից դարձնել նաեւ ԼՂ-ի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներին:

Համանախագահներն առաջարկում են նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին նշանակել իրենց ներկայացուցիչներին՝ բանակցություններ վարելու համար: Քանի որ Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիեւը հազվադեպ են հանդիպում, գործընթացը դանդաղում է , բանակցությունների վերսկսկումը ձգձգվում եւ կարող է բերել փակուղային իրավիճակի,- գտնում է Ռուսաստանի փոխարտգործնախարար Տրուբնիկովը:

Ամերիկյան հանամախագահ Ռուդոլֆ Պերինան նշել է, որ Մինսկի խումբը երբեք չի անում այնպիսի առաջարկներ, որոնք կհակասեն կողմերի շահերին, որ իրենք հիմնվում են ՄԱԿԻ սկզբունքների վրա: Ի դեպ Պերինան նկատել է, որ միջազգային իրավունքի նորմերով նախատեսված է երկրի սահմանների փոփոխություն, սակայն տվյալ պետության համաձայնությամբ:

Այն հանգամանքը , որ 2003 թվականին եւ Հայաստանում, եւ Ադրբեջանում նախագահական ընտրություններ են անցկացվելու , համանախագահներին չի շտապեցնում: Անկախ նրանից, թե ով կլինի երկրի նախագահը, նա պիտի հասկանա , որ հակամարտության կարգավորումը հսկայական պատասխանատվություն է, - նշել է Վյաչեսլավ Տրուբնիկովը: