Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ Է, ԲԱՅՑ ԻՆՉ ՈՐ ԲԱՆ ԱՅՆ ՉԷ

Տնտեսություն

Փետրվարի 10-ից սկսած Հայաստանն այլեւս չի մատակարարում էլեկտրաէներգիա Վրաստանին: Ըստ որոշ տեղեկությունների այնտեղ արդեն սկսվել է էներգետիկ ճգնաժամ, մեկ այլ տեղեկությունների համաձայն ճգնաժամը հենց Հայաստանում է: Իսկ այդ երկու տեղեկությունն էլ իր հերթին հերքում են ՀՀ Էներգետիկայի նախարարության լրատվական ծառայությունում:

Ծառայության ղեկավարի հավաստմամբ, Հայաստանում այսօր արտադրվում է «ավելցուկով» էլեկտրաէներգիա եւ մենք ի վիճակի ենք այն արտահանել, իսկ Վրաստանը` ստացված էլեկտրաէներգիայի դիմաց պարտաճանաչ կերպով վճարումներ է արել:

Խնդիրն առաջացել է, այն պատճառով, որ Վրաստանը Հայաստանի հետ «Էլեկտրաէներգիայի մատակարարման» կարճաժամկետ պայմանագիր է կնքել փետրվարի 28-ից մինչեւ մարտի 10-ը: Դրանից հետո վրացական կողմից չի ստացվել պայմանագիրը երկարացնելու առաջարկ եւ հետեւաբար էլեկտրաէներգիայի մատակարարումը Հայաստանը դադարեցրել է:

Ուրախալի է, որ հարեւան պետությունների միջեւ խնդիրներ չեն առաջացել, մնում է միայն փորձել հասկանալ, թե ինչո՞ւ որեւէ խնդիր չունենալու դեպքում երկու կողմի համար էլ ձեռնտու պայմանագիրը այլեւս չի երկարացվում: Չէ՞ որ մինչեւ մարտի 10-ը Վրաստանն ունեցել է էլեկտրաէներգիայի պահանջարկ, իսկ Հայաստանն իր «ավելցուկ» էլեկտրաէներգիայի համար գումար էր վաստակում:

Ինչ վերաբերում է ՀԱԷԿ-ին, ապա դրա աշխատանքը` վառելիքի վերալիցքավորման համար կդադարեցվի, հավանաբար, ապրիլին: Այդ ժամկետը պայմանավորված է նրանով, որ ձնհալը կակտիվացնի ՀԷԿ-րի աշխատանքը եւ արդյունքում էներգետիկ ճգնաժամ չի սպասվի:

Իսկ մինչ այդ Հայաստանում աշխատում են մի պայմանագրի վրա, որը կլուծի վառելիքի դիմաց վճարի խնդիրը, բայց միգուցե ստեղծի այլ խնդիրներ: Ատոմակայանի վառելիքը ձեռք բերելու նպատակով Մոսկվա մեկնող հայկական պատվիրակությունը պետք է այնտեղ տանի պատրաստի պայմանագիր, համաձայն որի ՀԱԷԿ-ի ֆինանսական կառավարումը կհանձնի Ռուսաստանի Դաշնությանը, իսկ ավելի կոնկրետ «ՌԱՈ ԵԷՍ» ընկերությանը:

Հայկական կողմին մնում է մխիթարվել, որ Ատոմակայանի տեխնիկական կառավարումն առայժմ կմնա հայերի ձեռքում: