Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բնակիչներին խորհուրդ տվեց լաբորատորիա դիմել

Հասարակություն

Ինչո՞ւ հունվարին գազի ցուցմունքները տարօրինակ կերպով բարձր էին: Քաղաքացիների դժգոհությանը` ՚Հայռուսգազարդՙ ընկերության ներկայացուցիչն ունի իր պատասխանը:

՚Քաղաքացիների զարմանքը կամ անակնկալը գազի վճարումներից կապված է սուբսիդիաների վերացման հետ: Եթե քաղաքացիները նկատում են նախորդ ջեռուցման եւ այս ջեռուցման սեզոնին վճարումների հետ կապված տարբերությունը, ապա հիմնականում պայմանավորված է նրանով, որ սուբսիդիաները, որ տրվում էին գազի գնի հետ կապված պետության կողմից, այլեւս չեն գործումՙ,- ասաց ՚Հայռուսգազարդՙ ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը:

՚Ա1+ՙ-ի դիտարկմանը, թե բնակիչները բողոքում են ոչ թե նախորդ տարվա հունվարի, այլ նախորդ ամսվա ցուցմունքի հետ համեմատելով` Շուշան Սարդարյանը նշեց. ՚Եթե կան անհատներ, որ դժգոհում են, թող դիմեն մասնաճյուղեր, որովհետեւ դա հստակ ֆիքսված հաշվիչի ցուցմունք է եւ այդտեղ, ավելի քան համոզված եմ, որ որեւէ միջամտություն կամ կամայականություն չի կարող լինել: Ինչ ցուցմունք ցույց է տալիս հաշվիչը, նույն ցուցմունքը գրանցվում եւ ըստ ցուցմունքի կատարվում է վճարումՙ:

Ավանի բնակչուհի Նարինեն ՚Ա1+ՙ-ի հետ զրույցում ասաց, թե դեկտեմբերին գազի համար վճարել է 21 հազար դրամ, իսկ հունվարին, երբ գրեթե կես ամիս տանը չի եղել, ստիպված է վճարել է 31 հազար դրամ: Բյուրեղավանի բնակչուհի Զարուհին էլ պատմեց, թե եթե դեկտեմբերին առավոտից երեկո վառելով գազը` սպառել են 23 հազար դրամի , ապա հունվարին ավելի քիչ օգտագործելով` 35 հազար դրամի գազ:

Անդրադառնալով նաեւ այն խոսակցություններին` թե հնարավոր է խողովակաշարում օդի առկայության պարագայում է հաշվիչը գազի մեծ ցուցմունքներ ցույց տալիս, Շուշան Սարդարյանն ասաց.

՚Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ նման խոսակցությունները առնվազն անհեթեթություն են, եւ մենք չենք պատրաստվում մեկնաբանել նման խոսակցություններին: Ինչ վերաբերվում է գազի որակին, ապա կան տարբեր լաբորատորիաներն, որ բնակիչները իրենց իսկ շահերից ելնելով կարող են ստուգել տալ: Մենք ամեն ամիս, ամեն պահի այդ ստուգումները անցկացնում ենք, որովհետեւ մեզ համար էլ է կարեւոր մատակարարվող գազի որակը, իսկ կարծում եմ, եթե բնակիչները ունեն ինչ-ինչ կասկածներ, թող իրենք էլ դիմեն լաբորատոր փորձաքննության: Բացի այդ, օդ հնարավոր չէ, որովհետեւ կարող է համակարգը վտանգի տակ դնելՙ:

Ի դեպ, եթե ստուգումների նախաձեռնությունը բնակչինն է, ապա վճարում է բնակիչը, եթե նախաձեռնությունը մատակարարինն է, ապա վճարում է մատակարարը: