Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

'Ա1+'-ի մրցույթները օյի՞ն չէին

Հասարակություն

՚Շունը շան թաթ չի կծիՙ,- այսօր ՚Մելտքեսՙ ՍՊԸ-ի` ՚Ա1+ՙ հեռուստաընկերության նկատմամբ Վճռաբեկ դատարանի կայացրած վճիռը գնահատեց ընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանը:

Վճռաբեկ դատարանն այսօր մերժեց հենց իր դեմ ներկայացրած ՚Մելտեքսՙ ՍՊԸ-ի 2 բողոքները` բեկանելու Վճռաբեկ դատարանի 2004թ. ապրիլի 23-ի եւ 2004թ. փետրվարի 27-ի վճիռները: ՚Մելտեքսՙ ՍՊԸ-ն դիմել էր Վճռաբեկ դատարան` նոր հանգամանքների ի հայտ գալու հիմնավորմամբ, իսկ նոր հանգամանքը Եվրադատարանի որոշումն էր ՀՀ-ի դեմ: Վճռաբեկ պալատի նախագահը Արման Մկրտումյանը նախորդ նիստի ընթացքում նշել էր, որ նույնիսկ Եվրոդատարան է արձանագրել, որ 2003թ. եւ 2004թ. Վճռաբեկ դատարանը գործել օրենքի շրջանակներում:

Ի՞նչ հիմքերով Վճռաբեկ դատարանն այսօր մերժեց ՚Ա1+ՙ-ի 2 բողոքները, պրազ չդարձավ: Արման Մկրտումյանը ՚Ա1+ՙ-ի ներկայացուցիչներին հայտնեց, որ կարող են այդ գտնել Վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանական մասում, որն այսօր չհրապարակվեց: ՚Դատարանի նախագահն այսօր հրապարակեց միայն որոշման եզրափակիչ մասը եւ հիշեցրեց, որ ԵԽ Նախարարների կոմիտեն ՀՀ-ին հանձնարարել է փոփոխել ՚Հեռուստատեսության եւ ռադիոյիՙ մասին օրենքը, որպեսզի ՀՌԱՀ-ի որոշումներն այսուհետ լինեն պարզաբանվածՙ,- ասաց դատարանում ՚Ա1+ՙ-ի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը:

Փաստն այն, որ այսօր եւ Եվրոդատարանը, եւ Վճռաբեկ դատարանը գտնում են, որ ՚Ա1+ՙ-ի իրավունքները ոտնահարել է ՀՌԱՀ-ը: Նախորդ նիստում Վճռաբեկ դատարանի նախագահը ՚Ա1+ՙ-ի ներկայացուցիչներին ասում էր, որ դիմել են, այսպես ասած, ՚ոչ ճիշտՙ հասցեով: ՚Եթե Վճռաբեկ դատարանը հարուցել է վերանայման վարույթ, դա նշանակում է, որ մենք դիմել ենք ճիշտ հասցեով: Այո, ՚Ա1+ՙ-ի իրավունքները խախտել է ՀՌԱՀ-ը, եւ այդ իրավունքները վերականգնելու միակ վայրը դատարանն էՙ,- ասաց Արտակ Զեյնալյանը:

Հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի այսօրվա մերժումները` Զեյնալյանն ասաց. ՚Ա1+ՙ-ի դեմ իշխանությունների պայքարը շարունակվում էՙ: Լրացնելով նրա խոսքը` ՚Ա1+ՙ-ի նախագահն ասաց. ՚Իշխանությունները շարունակում են իրենց թիմային պաշտպանությունը ՚Ա1+ՙ-ից: Դա մեղավորի ռազմավարությունն էՙ:

՚Ա1+ՙ-ն իր ոտնահարված իրավունքների վերականգնումը կշարունակի իրավական դաշտում, սակայն քանի դեռ ձեռքի տակ չունի Վճռաբեկ դատարանի այսօրվա որոշումների հիմնավորումները, հետագա քայլերի մասին խոսելը Մեսրոպ Մովսեսյանը վաղ համարեց: Վճռաբեկ դատարանի որոշումը, Մեսրոպ Մովսեսյանի կարծիքով, միայն մեկ մեկնաբանություն ունի. ՚Դա նշանակում է, որ բոլորն ընդունում են, որ ՚Ա1+ՙ-ի, իրավունքները բազմիցս խախտվել են ՀՌԱՀ-ի կողմից եւ ժամանակին դա չեն կանգնեցրել մեր դատական ատյանները, հակառակ դեպքում գործը չէր հասնի Եվրոպական դատարան: Այսօր նրանք, աչք փակելով իրենց վճիռների եւ ՀՌԱՀ-ի վրա, քավության նոխազ են դարձնում օրենքը: Այսինքն` նրան ասում են, որ օրենքը կփոխեն եւ սրանից հետո այլեւս մրցույթի մասնակիցների իրավունքները չենք խախտիՙ:

Դուք ընդունու՞մ եք այն մոտեցումը, որ այն, ինչ կատարվեց ՚Ա1+իՙ հետ, պետք է մի կողմ դնել եւ ՚Հեռուստատեսության եւ ռադիոյի մասինՙ օրենքը փոխելուց հետո այլեւս մրցույթի մասնակիցների իրավունքները չխախտել: ՚Այսինքն, այն, թե ինչ կատարվել է ՚Ա1+իՙ հետ, օյին չէ՞ր, ՚քեռի ջան, Եվրոպաՙ, իսկ հիմա նոր կանոներով ենք խաղում: Այդպես երկիր չեն կառուցում: Սա անհեռատես մտածողություն է, որով իշխանությունները շարունակում են վարկաբեկել մեր երկիրը: ՚Ա1+ՙ-ը ուշ, թե շուտ վերականգնելու է իր ոտնահարված իրավունքները, իսկ երկրի հեղինակությունը վերականգնել` շատ դժվար է լինելու: Մեր իշխանությունների դժբախտությունն այնն է, որ ամեն ինչ լուծվում է տղայական մակարդակով:Տղամարդկությունն օրենքներով ապրելն է, որն այսօր շատ դժվար է մեր երկրումՙ,-ասաց Մեսրոպ Մովսեսյանը: