Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ-Ն ԱՐԴԱՐԱՆՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԻ ԱՌՋԵՎ

Քաղաքականություն

Իրաքյան իրադարձություններից հետո ԱՄՆ արտաքին քաղաքականությունը լուրջ մտահոգությունների տեղիք տվեց: Լուրջ հակասություններ առաջացան ԱՄՆ-ի եւ միջազգային հանրության միջեւ:

Իր հերթին ԱՄՆ-ն ավելի կարծրացրեց արտաքին քաղաքական ուղեգիծը իր կողմից «չարի առանցք» հռչակած երկրների նկատմամբ, որը սակայն միանշանակ չի ընդունվում եւ միջազգային հանրությունը շատ հաճախ քննադատում է այն:

ԱՄՆ-ի արտաքին քաղաքական ուղեգիծը պարզաբանելու եւ այս մտահոգություններին ի պատասխան օրերս պետքարտուղար Քոլին Պաուելը հանդես է եկել հայտարարությամբ: Նա նշել է, որ ահաբեկչության դեմ պայքարը կշարունակի մնալ ԱՄՆ արտաքին քաղաքականության թիվ մեկ գերակայությունը այնքան ժամանակ, քանի դեռ դրա կարիքը կա:

Միեւնույն ժամանակ պետքարտուղարը չի ընդունում այն մեղադրանքներն ու մտահոգությունները, թե իր երկրի ռազմավարությունը միակողմանի է, հակված է ուժային լուծումներին եւ կանխարգելիչ պատերազմներին. «Նախագահ Բուշի ռազմավարությունը գործընկերային ռազմավարություն է, որը հաստատում է ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ դաշնակիցների, այդ թվում եւ Միավորված ազգերի կազմակերպության նշանակալի դերը»:

Ահաբեկչության դեմ պայքարի հաջողության գրավականը տերությունների միջեւ համագործակցությունն է, որի նպատակն է մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարությունն ու խաղաղությունը:

Դրա համատեքստում ընդգծվում են դաշնակիցներն ու հակառակորդները. «Մեր ազատական շահերով մենք չենք կարող գտնվել ահաբեկիչների, բռնակալների եւ մեզ վատը կամեցողների հետ միեւնույն հարթության վրա», ուստի ԱՄՆ-ի գործընկեր են համարվում բոլոր նրանք, ովքեր «տենչում են ազատություն, խաղաղություն եւ մարդկային արժանապատվություն»: