Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՄԵՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՆՔ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԸ»

Քաղաքականություն

Այն բանից հետո, երբ «Հանրապետություն» կուսակցության՝ ընդդիմությունը միավորելու ջանքերը չարդարացան, սկսեցին լուրեր տարածվել, թե «Հանրապետություն» կուսակցությունը որոշել է դուրս գալ դաշինքից: Այս լուրերը պարզաբանում է «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը:

- Այդ լուրերը բացարձակապես կապ չունեն իրականության հետ: «Հանրապետություն» կուսակցությունը միշտ եղել է համախմբման կողմնակից եւ, կարծեմ թե, վերջին շրջանում հենց մենք էինք համախմբման կոչով դիմել բոլոր ընդդիմադիր ուժերին: Մյուս կողմից, ուզում եմ արձանագրել, որ ցանկացած քաղաքական ուժի ու մեր կուսակցություն համար առավել եւս առաջնային պետք է լինի հասարակական պատվերը, որը շատ հստակ է եւ ենթադրում է ապօրինի իշխանության անհապաղ հեռացում եւ սահմանադրական կարգի վերականգնում:

«Հանրապետություն» կուսակցությունն ընդամենը իր այսօրվա դիրքորոշմամբ եւ մոտ օրերս սպասվող հայտարարությամբ փորձելու է գործնական ընթացք տալ հասարակական պատվերի իրականացմանը: Կարծում եմ, սա ոչ թե դաշինքը պառակտելու, այլ նրան նոր լիցք հաղորդելու նախաձեռնություն է: Մեր կուսակցության համար հասարակական պատվերը միշտ գերակա է քաղաքական որեւէ կոնյուկտուրայի հանդեպ:

- Իսկ հասարակական պատվերի իրականացման հարցում դուք մենա՞կ եք:

- Հայտարարություն մենք անելու ենք մեր կուսակցության անունից: Ես համոզված եմ, սակայն, որ սահմանադրական կարգի վերականգնման համար պայքարող այլ կուսակցություններ եւս կան, այդ թվում «Արդարություն» դաշինքը: Եվ մենք ակնկալում ենք այս գաղափարի շուրջ հասարակական-քաղաքական լայն կոալիցիայի ստեղծում:

-Իսկ հասարակական պատվերը կատարելու եք սահմանադրակա՞ն ճանապարհով:

- Երբ երկում տապալված է սահմանադրական կարգը, ցանկացած քաղաքական քայլ, որն ուղղված է դրա վերականգնմանը, արդարացված է: «Սահմանադրական ճանապարհ» արտահայտությունը փոքր-ինչ ժամանակավրեպ եմ համարում, որովհետեւ հիմնական օրենքում չի նախատեսված դրույթ, որը ենթադրում է իշխանության բռնազավթում: Երբ որեւէ ժողովուրդ պայքարում է օկուպացիայի դեմ, նա օգտագործում է բոլոր քաղաքական քայլերը եւ դա նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքն է: