Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՖԱՐՍԻՆ»

Քաղաքականություն

-Այսօր սկսվեց հոկտեմբերի 27-ի դատավարությունը: Դուք, ինչպես նաեւ մյուս տուժողները, դատարան չեն ներկայացել: Ինչու՞:

-Մենք առհասարակ չենք մասնակցելու դատավարությանը, որովհետեւ դատական այս գործընթացը համարում ենք ֆարս: Մի երկրում, որտեղ ոճրագործների եւ իշխանությունների շահերը նույնական են՝ ամեն ինչ ակնհայտ է: Իրավական լուծումները մղվում են երկրորդ պլան եւ առաջին պլան է գալիս քաղաքական լուծումը. դա այն է, որ այս իշխանության օրոք հոկտեմբերի 27-ի ոճրագործության բացահայտումը բացարձակ անհնարին է:

-Բայց չէ, որ դուք էլ եք դժգոհ առաջին ատյանի վճռից, գուցե վերաքննիչ բողոքն արդա՞ր քննվի:

-Այո, մենք դժգոհ ենք առաջին ատյանի դատարանի վճռից, ավելին. այն մենք գնատում ենք ոչ թե Նաիրի Հունանյանին եւ նրա հանցախմբին դատապարտող որոշում, այլ Ռոբերտ Քոչարյանին արդարացնող դատավճիռ: Մենք կհավատայինք վերաքննիչ դատարանին, եթե այն դատական գործընթացը օբյեկտիվորեն քննության առնելու հնարավորություն ունենար:

-Այսինքն, դուք արդեն կասկածի տակ եք դնում նաեւ վերաքննի՞չ դատարանի օբյեկտիվությունը: Եվ եթե գործը գնա վճռաբեկ դատարան, դուք նորի՞ց չեք մասնակցի:

-Այո, այս գործի հետ կապված քաղաքական հետեւություններն արդեն արել ենք: Ինչ վերաբերում է իրավական խնդիրներին, որոնք հանգուցալուծման անհրաժեշտություն ունեն, ապա օրինական իշխանությունների ձեւավորումից հետո անպատճառ կանցկացվի նոր ու համակողմանի քննություն, որի արդյունքում պատասխան կտրվեն հասարակությանը հուզող բոլոր հարցերին: