ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶՐԿՎԵՑ ՏԱՐԱՆՑԻԿ ԵՐԿԻՐ ԼԻՆԵԼՈՒՑ

Այսօր Թբիլիսիում կստորագրվի Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու կառուցման համաձայնագիրը, որին կմասնակցեն Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Պաշտոնական Երեւանը բացասաբար է վերաբերվում երկիրը շրջանցող երկաթգծի կառուցմանը: Հայաստանի դուրս մղումը այս նախագծից բացասական է համարում նաեւ տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը:

– Շատ վատ է: Փաստորեն մենք դուրս մնացինք տարածաշրջանային բոլոր ծրագրերից: Դա ամենավտանգավոր բան է, քանի որ եթե ուզում ենք ինտեգրվել աշխարհին, ապա առաջին պայմաններից մեկն տարածաշրջանային ինտեգրացումն է, որը կարեւոր նշանակություն ունի բոլոր պետությունների համար:

– ԱՄՆ-ի Կոնգրեսն արգելել է ամերիկյան կառավարությանը ֆինանսական օժանդակություն տրամադրել Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգծի կառուցմանը: Բայց փաստացի տեղի է ունենում: Ինչո՞վ կաբացատրեք, որ ԱՄՆ-ն չխոչընդոտեց:

– ԱՄՆ չէր կարող խոչընդոտել, քանի որ դա ինքնիշխան պետությունների գործն է: Այսինքն` Թուրքիան, Վրաստանը, Ադրբեջանն ինքնիշխան պետություններ են, եւ իրենք որոշել են իրենց ինտեգրացումը ուժեղացնել այդ գծով, այդ իսկ պատճառով ծիծաղելի է մտածել, որ Միացյալ Նահանգներին պետք է խանգարեր:

– Ինչպե՞ս կազդի երկաթգիծը Հայաստանի տնտեսության վրա:

– Անպայման կվնասի, քանի որ, ընդհանրապես, Կարս-Գյումրի երկաթգծի բացումը բավականին լուրջ ազդակ կլիներ Հայաստանի տնտեսության զարգացմանը, քանի որ Հայաստանը կդառնար տարանցիկ երկիր բոլորի, նույիսկ Ռուսատանի համար:Երբ արդեն գործելու է Կարս-Ախալքալաքը, Կարս-Գյումրին Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի համար այդքան հետաքրքիր չի դառնալու: Փաստորեն մենք զրկվեցինք տարանցիկ երկիր լինելուց, որը բավականին լուրջ հետեւանքներ կունենա:

– Համարո՞ւմ եք, որ սա Հայաստանի նկատմամբ հերթական շրջափակումն է:

– Ոչ թե շրջափակումն է, այլ Հայաստանի վերջնական դուրս մղումն է տարածաշրջանային ծրագրերից: Ամենավտանգավորը դա է: Ամենացավալին այն է, որ դա եղել է Ադրբեջանի քաղաքականությունը: Հիշենք Իլհամ Ալիեւի մի քանի օր առաջ արված հայտարարությունը, թե Հայաստանի դուրս մղումը բոլոր նախագծերից, եղել է նպատակաուղղված գործ Աղդրբեջանի կողմից: Դուրս է գալիս Ադրբեջանը այդ գործում հասավ մեծ հաջողությունների:

– Հայաստանն ի՞նչ պետք է անի:

– Հայաստանն ընդհանրապես առաջին հերթին պետք է ակտիվ քաղաքականություն վարեր, ոչ թե պասիվ: Փաստորեն մենք իրավիճակային քաղաքականություն էինք վարում` պատասխանելով այդ մարտահրավերներին, փոխանակ ինքներս լինեինք ագրեսիվ` լավ իմաստով, դիվանագիտական իմաստով: Ինքներս մասնակցեինք, առաջարկեինք, բայց չարեցինք, եւ մենք այդպես էլ ոչ մի բանի չհասանք:

Զրուցեց Քնարիկ Իսոյանը