Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԵԿ ՀՈԳՈՒ ՆՇԱՆԱԿԱԾ ՀՌԱՀ-Ը ԱՆԿԱԽ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ

Քաղաքականություն

Վենետիկի հանձնաժողովը 2004 թ. դեկտեմբերի եզրակացության մեջ հստակ ամրագրել է, որ ՀՀ-ում խոսքի ազատության եւ անկախության հետ կապված կան լուրջ խնդիրներ:

Մարդու հիմնարար ազատությունների շարքում Վարդան Պողոսյանը խիստ է կարեւորում Սահմանադրության մակարդակով ԶԼՄ-ների ազատության սահմանումն ու երաշխավորումը. «Այս առնչությամբ Վենետիկի հանձնաժողովը գտնում է, որ կոալիցիայի ներկայացրած նախագծում կա մի դրույթ, որը կարող է բարդություններ առաջացնել: Ըստ կոալիցիայի նախագծի տեղեկատվության միջոցների գործունեության եւ պատասխանատվության կարգը սահմանվում է օրենքով: Հանձնաժողովը մտահոգված է, որ օրենքի կարգավորման մասին այս նախադասությունը կարող է դռներ բացել` անորոշ ձեւակերպումներով ԶԼՄ-ների ազատության սահմանափակումների առջեւ»: 2000-ից սկսած Վենետիկի հանձնաժողովը ՀՀ իշխանությունների ուշադրությունը բազմիցս հրավիրել է այն հանգամանքի վրա, որ մամուլի եւ խոսքի ազատության ապահովման համար անհրաժեշտ է մի անկախ մարմին, որը կպաշտպանի այդ իրավունքը ցանկացած ոտնձգությունից: Սակայն մինչ օրս այդ պահանջը չի իրականացվել: Հանձնաժողովը որպես օրինակ ՀՀ-ին առաջարկել է Պորտուգալիայի Սահմանադրության համապատասխան հոդվածը: Իսպանիայի, Հունաստանի, արեւելաեվրոպական երկրների բացարձակ մեծամասնության Սահմանադրությունները ԶԼՄ-ների անկախությունը ամրագրում են Սահմանադրության մակարդակով:

«Ժողովրդավարական եւ իրավական պետություններում, որպես կանոն, Սահմանադրության այդ դրույթը գործում է առանց որ—է հատուկ մարմնի գոյության: Սակայն Հայաստանի նման երկրներում անկախ հանձնաժողովների գոյությունն առավել քան կարեւոր է»,- գտնում է պարոն Պողոսյանը: 100-ամյակների փորձ ունեցող երկրներում, օրինակ Ֆրանսիայում, չկա անկախ հանձնաժողով, սակայն ԶԼՄ-ներն անկախ ու ազատ են: Վարդան Պողոսյանի կարծիքով` պատահական չէ, որ այն երկրները, որոնք ժողովրդավարության են անցել երկարատեւ ավտորիտար փորձառությունից հետո, ամրագրել են նման ինստիտուտներ.«Այդ իսկ պատճառով ՀՀ-ին Վենետիկի հանձնաժողովը մատնանշել է Պորտուգալիայի Սահմանադրության 38-րդ եւ 39-րդ հոդվածները, համաձայն որոնց պետք է գոյություն ունենա համապատասխան հանձնաժողով, որը կապահովի տեղեկատվության, խոսքի եւ մամուլի ազատության իրավունքը ԶԼՄ-ներում` քաղաքական եւ տնտեսական իշխանություններից, ինչպես նաեւ կապահովի ԶԼՄ-ներում հասարակության բազմակարծության արտացոլումը»:

Թեեւ այս առաջարկությունները ՀՀ իշխանություններին Վենետիկի հանձնաժողովը ներկայացրել է 2001թ., սակայն դրանք անտեսվել են պարզ եւ հասկանալի պատճառներով: «Այսօր ՀՀ-ում գոյություն ունեցող ՀՌԱՀ-ը հեռուստատեսությունում եւ ռադիոյում չի կարող երաշխավորել խոսքի ազատությունը, որովհետեւ կախված է մեկ մարդուց, որը գործադիր իշխանության փաստացի ղեկավարն է, եւ որից կախման մեջ են իշխանության մյուս բոլոր թեւերը»,- վստահ է Վարդան Պողոսյանը: ԶԼՄ-ների խնդիրներով զբաղվող անկախ մարմիններն աշխարհում սովորաբար ստեղծվում են խորհրդարանի կողմից եւ ունենում են անկախ գործունեության երաշխիքներ: Վերջին եզրակացության մեջ Վենետիկի հանձնաժողովը հստակ նշել է, որ կոալիցիայի նախագիծը չի ապահովում տեղեկատվության միջոցների բազմազանության, ինչպես նաեւ այդ ոլորտը կարգավորող մարմինների անկախության եւ հրապարակայնության երաշխիքներ: Այդ իսկ պատճառով հանձնաժողովը ՀՀ իշխանություններին առաջարկել է շարադրել Սահմանադրության փոփոխությունների նախագծի 21-րդ հոդվածը. «Լրատվամիջոցների եւ տեղեկատվության այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է: Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային եւ ժամանցային բնույթի բազմազանություն առաջարկող անկախ եւ համազգային ռադիոյի եւ հեռուստատեսության հանրային ծառայության առկայությունն ու գործունեությունը: Լրատվության միջոցների ազատության, անկախության եւ բազմազանության նպատակներից ելնելով` հեռարձակվող լրատվամիջոցների գործունեությունը կարգավորում է օրենքով ստեղծված անկախ մարմինը, որի անդամները նշանակվում են ժողովրդավարական հրապարակային եղանակով եւ որի որոշումները ենթական են դատական կարգով վերանայման»:

Վենետիկի հանձնաժողովը նաեւ հույս է հայտնել, որ ի կատարումն ԵԽ-ի առջեւ ստանձնած ՀՀ պարտավորությունների վերաբերյալ բանաձեւի` հնարավորինս արագ կնորացվի ՀՌԱՀ-ի կազմը եւ կստեղծվեն հեռուստաընկերություններին արտոնագրեր շնորհելու արդարացի պայմաններ: «Բնականաբար այս տողերի տակ Վենետիկի հանձնաժողովը կոչ է անում ՀՀ իշխանություններին հնարավորինս արագ վերանայել «Ա1+»-ի հարցը»,- վստահ է սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանը:

ՎԻԿՏՈՐՅԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ