Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ՀԱՐԿԱՎՈՐ ՉԵՆ

Քաղաքականություն

Այս տարի Հայաստանի Հանրապետությունում կալանավորվել է 8 Եհովայի վկա՝ զինծառայությունից խուսափելու մեղադրանքով: Սա այն դեպքում, երբ ԵԽ պահանջով Հայաստանն անցյալ տարի ընդունեց «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենք, որի հիման վրա «խղճի գերիները» պետք է ազատ արձակվեին:

Հելսինկյան ընկերակցության նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը փաստում է, որ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների տեսանկյունից Հայաստանում այսօր հատկապես ծանր իրավիճակ է, քան երբեւէ. «Այն, ինչ որ կատարվում է հիմա, ներդրվեց 98 թվականից առաջ: Ընդհանրապես մարդու իրավունքների խախտումներն ունեն քաղցկեղի երեւույթներ՝ եթե շուտ չի կանխվում, ապա մետաստազներ է տալիս այլ ոլորտներում: Մարդու իրավունքների առումով Հայաստանում այսօր շատ վատ վիճակ է եւ գնալով վատանում է: Նույնիսկ նոր Սահմանադրությունը չի ուղղի այդ վիճակը: Կօգնի միայն իշխանությունների դիրքորոշումը»:

Հայաստանում մարդու իրավունքների խախտման մասին խոսելիս իրավապաշտպանը վկայակոչում է Մարդու իրավունքների համընդհանուր կոնվենցիան: Այնտեղ կա 3 տասնյակից ավելի կետ, եւ բոլոր առումներով Հայաստանը խախտում է այդ բոլոր կետերը՝ նույնիսկ այն կետը, որ մարդն ունի հանգստանալու իրավունք:

«Գործող Սահմանադրությունում կփոխեի ինչ-որ բաներ, բայց շատ բան չէի փոխի: Քիչ թե շատ գործող Սահմանադրությունն ապահովում է մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սկզբունքները»,- ասում է Միքայել Դանիելյանը: Նրա կարծիքով, ՀՀ հասարակությունն՝ ինքը պատրաստ չէ իր իրավունքների պաշտպանությանը. «Մենք ազգովի հիվանդ ենք՝ մեր ակտիվությամբ ասեմ, թե մեր պասիվությամբ ասեմ: Այն թանկացումները, որ տեղի ունեցան վերջին շրջանում Հայաստանում, ոչ մի նորմալ երկրում չէր հանդուրժվի: Ինչ որ Ուրյուպինսկում 30 րոպեով ջուր են անջատում, գնում են քաղաքապետարանի մոտ ցույց են անում: Մեզ մոտ լույսը թանկացրին, ջուրը թանկացրին, գազը թանկացրին, ամեն ինչը թանկացրին ու շատ հանգիստ: Փաստորեն մեր ազգը գենետիկորեն զուրկ է մարդու իրավունքներ պահանջելուց: Մենք չենք հասկանում մարդու իրավունքները: Մեր երկրում Սահմանադրություն փոխել, օրենք փոխել, ինձ թվում է, դա անիմաստ է»:

Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին, ապա իրավապաշտպանը համարում է, որ Սահմանադրությամբ երկրի նախագահի լիազորությունների ավելացումն անմիջականորեն խախտում է քաղաքացու իրավունքները: Միքայել Դանիելյանի համոզմամբ` մարդու իրավունքների տեսանկյունից սահմանադրական փոփոխությունները պետք է լինեն հետեւյալը. «Իրավունքները եւ ազատությունները պետք է լինեն ավելի շատ, քան պարտականությունները: Ես շատ կուզենայի, որ Սահմանադրությունում շատ քիչ սահմանափակումներ լինեն ազատությունների եւ իրավունքների վերաբերյալ»: Իրավապաշտպանի պատկերացմամբ երկրի Սահմանադրությունը պետք է լինի այնպիսին, որ օրենքների մեծ մասը չկիրառվի: «Օրինակ՝ Սահմանադրությունում ամրագրված է խոսքի ազատությունը եւ բացառվում է գրաքննությունը, ինչի՞ն է պետք «Մամուլի մասին» օրենքը»,- տարակուսում է իրավապաշտպանը: