Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՅՍՕՐ ՀԺԿ-ՈՒՄ

Քաղաքականություն

Նոր ձերբակալություններ

Այսօր առավոտյան իրավապահ մարմինները ձերբակալել են Նորք-Մարաշում Ստեփան Դեմիրճյանի վստահված անձին ու նրա տեղակալին: ՀԺԿ-ում հրավիրված ասուլիսում այս մասին տեղեկացրեց Դեմիրճյանի նախընտրական շտաբի պետ Գրիգոր Հարությունյանը: Վերջինս տեղեկացրեց, որ Շենգավիթում կատարված բոլոր ձերբակալվածների դատավճիռները կարդացվում են «միլպետի կաբինետում»: «Ասում են, որ որոշ վճիռներ կայացվել են մեկուսարան տանող մեքենաների մեջ»,- ասաց Գրիգոր Հարությունյանը:

«Ձերբակալվել են շտաբների պետերը, որտեղ իշխանություններին չի հաջողվել կեղծիքներ անել»,-ասաց 16-ի նախընտրական դաշիքի պետ Վաղարշակ Հարությունյանը: Նա մանրամասնեց իր հայտարարությունը. «Քոչարյանի շտաբում ասվել է` ներկայացրեք ցուցակ, որտեղ ձեզ չի հաջողվել կեղծիք անել: 2-րդ փուլում ուզում են հանգիստ կեղծիքներ անել այդ տեղամասերում»:

Կաշառքով դեպի ընդդմեմ կոռուպցիայի՞

Վաղարշակ Հարությունյանի կարծիքով 2-րդ փուլում իշխանությունները մտադիր են երկրով մեկ կաշառել Ստեփան Դեմիրճյանի վստահված անձանց: Հակառակ դեպքում կգործի ընտրակեղծիքների մեզ արդեն ծանոթ սցենարը. «Տասնյակ հազարներով տպում են քվեաթերթիկներ եւ բաժանում շտաբի պետերին: Մասիսի շրջանին հատկացրել են 25 հազար քվեաթերթիկ»:

Ի՞նչ ասաց Այքերը Սահրադյանի ականջին

Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբի պետը նշեց, որ ԿԸՀ-ն լրատվամիջոցներին սխալ է ներկայացրել ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Պիտեր Այքերի եւ Արտակ Սահրադյանի փետրվարի 24-ին կայացած հանդիպումը: Պարոն Հարությունյանի համոզմամբ Պիտեր Այքերը Սահրադյանի ուշադրությունն է հրավիրել այն բանի վրա, որ «չեն պատժվել կեղծիք իրականացնողները»: Այքերը նաեւ զգուշացրել է, որ «ձերբակալություններով ոչնչի չեք հասնի»: Դիտորդական խմբի ղեկավարը նաեւ տեղեկացրել է, որ «ժողովրդավարական երկրներում ահաբեկչություններն ու սպառնալիքներն անելիք չունեն»: Հանդիպման վերջում Այքերը պահանջել է «անհապաղ հրապարակել ընտրությունների իրական արդյունքները»:

17 դեպքն էլ շատ համարեցին

Ընտրախախտումների 17 դեպք է ներկայացվել դատախազությանը, որը պետական շահերի պաշտպան է, - ասաց րիգոր Հարությունյանը: Եթե Քոչարյանն ու դատախազությունը դա չեն հասկանում, «շուտով իրենց տեղից կգնան»: Ներկայացված 17 դեպքից դատախազությունն, ըստ պարոն Հարությունյանի, ընդունել է միայն 4-ը: Շտաբի պետը զարմացած է այն հանգամանքից, որ ոստիկանությունը «ամբողջ հանրապետության մեջ որեւէ խախտման դեպքի արձանագրություն չունի»: «Դատախազությունը, Ներքին գործերը եւ Ռոբերտ Քոչարյանը գործում են միասին»,- հայտարարեց Վաղարշակ Հարությունյանը:

Ովքե՞ր են միջամտելու 2-րդ փուլին

ՀԺԿ-ն հստակ տեղեկություններ ունի, որ օրերս Մեղրիից եւ Սիսիանից 100 զինվոր են բերել Երեւան: «Սահմանապահ զորքերն ի՞նչ գործ ունեն Երեւանում», - հարցրեց մեղրեցի Գրիգոր Հարությունյանը: Նա նաեւ տեղեկություններ ունի, որ «Քոչարյանը չի վստահում տեղի զինվորականներին, Ղարաբաղից է բերում»: «Ի՞նչ է, Հայաստանի ու Ղարաբաղի ժողովրդի միջեւ պատերա՞զմ են ուզում հրահրել», - հետաքրքրվեց Դեմիրճյանի շտաբի պետը: Նա նաեւ հստակ տեղեկություններ ունի, որ Ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն իր կուսակցության` «Հաղթանակի» «250 տղաներին պատրաստում է, որ միտինգներին անկարգություններ հրահրեն»:

Հիմա բանավիճու՞մ եք, թե ոչ

«Ստեփան Դեմիրճյանը որեւէ պրոբլեմ չունի դեբատի Ռոբերտ Քոչարյանի հետ», - ասաց Գրիգոր Հարությունյանը: Մինչ այդ գործող նախագահն, ըստ շտաբի պետի, «պետք է ապահովի օրինական դաշտ, գնահատական տա բռնություններին»: ՀԺԿ լրատվական կենտրոնի ղեկավար Ռուզան Խաչատրյանն ավելացրեց, որ բանավեճի ժամանակ առաջին եւ երկրորդ թեմաները կլինեն ընտրակեղծիքները եւ լեգիտիմությունը: